Վերաքննիչ դատարանը հաստատեց՝ խոշտանգում է տեղի ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի գլխավորությամբ, այսօր հաստատեց, որ 2018թ ինքնասպանություն գործած Արմեն Աղաջանյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգում է տեղի ունեցել։
Խոշտանգման ենթարկելու գործով մեղադրանք էր առաջադրված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին։ Դատարանը նրան դատապարտեց 7 տարի վեց ամսվա ազատազրկման։
Նա, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018թ․ մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Մինչդեռ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը խոշտանգման հոդվածը վերաորակել էր որպես լիազորությունների անցում եւ դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակել։
Վերաքննիչ դատարանը մերժել էր թե դատախազի, եւ թե տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի բողոքները։
Իսկ ահա Վճռաբեկ դատարանը գտել էր, որ Արմեն Հովհաննիսյանի արարքը վերաորակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։ Վճռաբեկ դատարանը որոշել է գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։
Հիշեցնենք, որ 30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել էրխոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել էին կախված «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում։
Արմեն Աղաջանյանին խոշտանգելու փաստով մեկ գործ ևս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։