Հայաստանի բռնցքամարտիկները 8 մեդալ են նվաճել Մոնտենեգրոյում
Աջակցիր «Ա1+»-ինՄոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեր բռնցքամարտիկները նվաճել են ութ մեդալ։ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը եզրափակիչում տպավորիչ հաղթանակ է տարել ղազախստանցի Սարդոխան Պայզախմանովի նկատմամբ և արժանացել ոսկե մեդալի: Մեր թիմի երկրորդ ոսկին ապահովել է 63 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող մարզիկը եզրափակիչում մեծ առավելությամբ հաղթել է հույն Պանագիոտիս Կոստոուրոսին:
51 կգ քաշային Արեն Ասլամազյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը բավարարվել են բրոնզե պարգևով: