Նոր ներկայացումներ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում.Ընթացիկ տարվա ծրագրերը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊարոնյանի անվան թատրոնը թատերական տարին սկսել է նոր ներկայացմամբ՝ «Արքան հրապարակում»։ Օրեր առաջ էլ ներկայացրել են՝ «Կոշկավոր կատուն» մյուզիքլը։ Ներկայացմանը ներգրավված են հիսունից ավելի մասնակիցներ։
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը մամուլի ասուլիսին ներկայացրեց թատրոնի վերջին ներկայացումները և սպասվելիք պրեմիերաները։
Շահբազյանն ընդգծեց, որ «Կոշկավոր կատուն» մյուզիքլը դեռ մեկ անգամ են խաղացել․ առաջիկայում այն հանդիսատեսը կարող է դիտել ապրիլի 8-ին և 9-ին։
Թատրոնի տնօրենի խոսքով՝ ներկայացումը տարիքային սահմանափակում չունի՝
«6-99 տարեկան» է։
Շահբազյանը խոսեց նաև տեխնիկական խնդիրներից։ Նրա խոսքով՝ ձայնային և լուսային տեխնիկան խորհրդային ժամանակների են։ Կառավարության որոշմամբ թատրոնին հատկացվել է գումար։ Հիմա մրցույթի փուլն է։ Իսկ մինչ այդ տեխնիկական մասամբ վարձակալում են՝ նշեց թատրոնի տնօրենը։
«Առաջիկայում ունենալու ենք մասշտաբային մյուզիքլներ, կան գաղափարներ որոնք քննարկման փուլում են։ Զուգահեռ ընթանում է հինգ ներկայացման փորձ։ Երկուսը «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում։ Մայիս ամսին արդեն նախատեսված է պրեմիերան»,- ասաց Կարո Շահբազյանը։
Ներկայացումները լինելու են հետևյալ պիեսների հիման վրա՝ Պաուլո Կոելիոյի «Վերոնիկան փորձում է մեռնել»՝ բեմադրիչը հրավիրված ռեժիսոր Արթուր Սարիբեկյանն է, «Պաշտոնյան և կինը»՝ բեմադրիչը Վարդգես Բարսեղյանը։
Պարոնյանի անվան թատրոնի տնօրենի խոսքով՝ թատրոնի հիմնական սրահում փորձեր են ընթանում նաև Կոռնելի Աբրամցևի «Սեանս հոգեթերապևտի մոտ» պիեսի բեմադրական աշխատանքները։ Բեմադրիչը նորից հրավիրված ռեժիսոր է՝ Արմեն Սաֆարյանը։
Կարո Շահբազյանի խոսքով՝ նախապատրաստվում է նաև Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» ներկայացումը։
«Էլի մասշտաբային գործ է, երաժշտական։ Երաժտության հեղինակը Մարտին Վարդազարյանն է։ Հինգ նոր աշխատանք ընթացքի մեջ են, որից 2-3-ը պատրաստ կլինի մայիսի վերջին»,-ասաց թատրոնի տնօրենը։