Կարեն Գիլոյանը շտապ կարգով ընդունել է Հայաստանի ըմբշամարտի ներկայացուցիչներին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, հավաքականների մարզիչները: Քննարկվել են մարզաձևում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
«Որևէ անհասկանալի բան այլևս չի մնացել: Այո, կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, բայց դրանք նույնպես լուծման վերջին փուլում են: Մնում է միայն ֆինանսների ավելացման խնդիրը, որովհետև եթե մենք գնում ենք դեպի օլիմպիական խաղեր՝ մեդալների ակնկալիքով, պետք է պատրաստ լինենք նաև գումար ծախսել, - կայքով ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը, - Հիմա մենք մեր հերթին, ֆեդերացիան՝ իր հերթին, պետք է հասկանանք, թե ինչպես ենք լուծելու հավելյալ ֆինանսների հարցը»:
Կապված վիտամինների ձեռքբերման խնդրին, Կարեն Գիլոյանն ասել է, որ այդ գործընթացն ավարտված է, և դրա համար 12 մլն դրամ է հատկացվել: «Մնացել է իրենք պարզապես գնան դեղատուն և գնեն: Գումարը կա, ձևը մշակված է: Ծանրամարտի ֆեդերացիան, օրինակ, վաղուց արդեն ստացել և օգտագործում է դեղորայքը, հավելումներն ու վիտամինները», - պարզաբանել է փոխնախարարը:
Նա նաև անդրադարձել է ըմբիշների մարզահագուստի խնդրին: Կարեն Գիլոյանն այդ կապակցությամբ ասել է, որ ըմբիշները պետական մարզահագուստ չեն ստացել, քանի որ պետությունն անորակ հագուստ այլևս չի ընդունում: Որակյալ հագուստի ձեռքբերման համար էլ արդեն մրցույթ է կայացել, բարձր որակի հագուստ է ձեռք բերվել և այժմ Հայաստան տեղափոխվելու ճանապարհին է:
Ինչ վերաբերում է ըմբիշների ամսական վճարներին և թոշակներին, ապա Կարեն Գիլոյանի խոսքով՝ բոլոր այն մարզիկները, ովքեր ապահովել են անհրաժեշտ արդյունքներ, օրենքով սահմանված կարգով, առանց մեկ օր ուշացման, ստացել են իրենց գումարները:
Նշենք, որ ընդամենը մեկ օր առաջ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը հայտարարել էր, որ ըմբիշները Եվրոպայի առաջնությունից առաջ վիտամիններ չէին ստացել, մրցաշարին մասնակցել են տարբեր մարզահագուստներով, իսկ հավաքականի որոշ աշխատակիցներ և ըմբիշներ ամիսներով աշխատավարձ չեն ստացել: