Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Իր ելույթներով Նիկոլ Փաշինյանը մաքրեց Ալիևի ձեռքերը. Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)

«Արցախի շուրջ նոր իրավիճակ. Խաղաղությա՞ն,թե՞ կորուստների դարաշրջան» թեմայով քննարկում տեղի ունեցավ, որի բանախոսներն են բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը և ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարությանը, նշեց, որ այնտեղ բազմաթիվ մանիպուլյացիաներ կային։

«Այս ամեն ինչը տուտ է և վտանգավոր սուտ է և այն ճանապարհ է դեպի ինքնասպանություն»,- հայտարարեց Արեգ Քոչինյանը և գնահատելով Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ նշեց, որ նրա ելույթի 10 տոկոսն էր ճշմարտություն։

Տաթևիկ Հայրապետյանն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների ելույթները հոգեբանական ահաբեկչություն էին սեփական ժողովրդի նկատմամբ։ Նախկին պատգամավորն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը խեղում է բանակցային գործընթացը։

Բանակցայիննգործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն էլ, խոսելով խաղաղության պայմանագրի, սահմագծման և սահմանազատման գործընթացների մասին, նշեց, որ իրեն չի թվում, որ նոյեմբերի 9-ից հետո նպատակը փոխվել է։

Ըստ փորձագետի՝ Նիկոլ Փաշինյանը «ոչ» չի կարողանում ասել, և նրան որակեց որպես «թույլ և ապիկար» բանակցող։ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հնարավոր չէ թույլի դիրքերից բանակցել խաղաղություն կնքելու համար։

Տաթևիկ Հայրապետյանն իր հերթին ասաց, որ եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե Ղարաբաղը գուցե հնարավոր է Ադրբեջանի կազմում խաղաղ ապրի, ապա թող գնան մեկ օր Ռամիլ Սաֆարովի կողքին ապրեն և հավելեց՝ անբարոյականությունն էլ սահմաններ ունի։

«Ա1+»-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ինչպիսի՞ տրամադրություններ են Ադրբեջանում, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասաց՝ Ադրբեջանում հրճվում են։

«Շատ հատկանշական է, որ Փաշինյանի ելույթին հաջորդած Ալիևի ելույթում նմանություններ կային։ Այս քանի օրվա ելույթներով Նիկոլ Փաշինյանը մաքրեց Ալիևի ձեռքերը»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։