Խորհրդարանում ընթացող ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացնելու համար ԱԺ-ում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Ինչպես ասել եմ, այս աշխատանը ոչ միայն առանձին այս ինստիտուտի կատարած աշխատանքի արդյունքն է, այլ ամբողջ երկրում քրեական հետապնդման մարմինների կատարած աշխատանքների արդյունքներն են»,- իր ելույթն այսպես սկսեց ՀՀ գլխավոր դատախազը՝ նշելով,որ բավականին ծավալուն հաղորդում է ներկայացվել խորհրդարանին։
Արթուր Դավթյանի խոսքով՝ իրենք փորձել են ամենայն մանրամասնությամբ և ամբողջապես ներկայացնել տարվա ընթացքում դատախազական գործառույթների առանձին ուղղություններում կատարած աշխատանքները, փորձել են արձանագրել ինչպես ձեռքբերումները, այնպես էլ բացթողումները։
Գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ հաղորդման մեջ բացահայտել են նաև այն խնդիրները, որոնք, ըստ դատախազության պատկերացման, դեռևս խոչընդոտներ են ստեղծում և կատարելագործման անհրաժեշտություն ունեն։ Արթուր Դավթյանը նաև հավելեց, որ դրանց հետ կապված ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու տեսլականները։
«Հաղորդման մեջ մենք ավանդույթ են դարձրել և մանրամասնորեն ներկայացրել ենք հանրային հնչեղություն ունեցող առանձին ուղղություններով քրեական գործերով, առանձին դեպքերով կատարված աշխատանքների արդյունքները»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Դավթյանն առանձին անդրադարձ կատարեց նաև 44 օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցագործություններին։
2021 թվականի ընթացքում վարույթում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ. տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ։
«55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի է տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ. արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, ցավոք, որ պատերազմական գործողությունների ընթացքում մեր Զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում, բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով այդ անձանց նկատմամբ ունեցել ենք քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք, մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է», - Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Հայտնի են հանրապետությունում այն պաշտոնյաները, որոնք չարաշահելով պաշտոնեական դիրքը, որոնց հետ կապված մեծ կասկած կա, արդյոք պաշտոնեական դիրքի չարաշահմամբ չեն ձեռք բերել այդ մեծ կարողությունները։ Ինչն ա՞ սրա պատճառը, երբ որ բոլորը ամեն ինչ գիտեն, բայց կոնկրետ 2-3 մարդ էսօր բանտում չի» ։
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը միանգամից 4 հարց ուղղեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Մարտի 1, Հոկտեմբերի 27-ի, ապօրինի գույք, սահմանադրություն։
Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչ առաջընթաց է գրանցվել հայտնի իրադարձությունների քրեական գործերով և ինչու՞ ապօրինի գույքի մասով ոչ ոք չի հայտնվել բանտում։ Պատգամավորը վերջինի մասով ասաց, որ հանրությունը կշտամբում է իշխանություններին և ինքը որպես քաղաքացի կիսում է այն։
Դատախազը սկզբում պատասխանեց «Մարտի մեկի» քրեական գործին առնչվող հարցին։ Նա նախ նշեց, որ սահմանադրական դատարանի որոշումը դատախազության համար եղել է անսպասելի։
«Բոլորովին վերջերս վճռաբեկ դատարանը իմ կողմից բերված վճռաբեկ բողոքը այս գործով վարույթ է ընդունել և մենք հույս ունենք, որ վճռաբեկ դատարանը, դիմելով նաև սահմանադրական դատարան, օրենքով նախատեսված մեր գործառույթները միջազգային իրավունքի տիրույթում իրացնելու հնարավորություն տալու պայմաններում, մեր հանրությունը ականատես կդառնա այդ քրեական գործով ապացույցների ամբողջական հետազոտմանը»,- ասաց գլխավոր դատախազը։
Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի քրեական գործին՝ գլխավոր դատախազը նշեց, որ արդեն երկու տարի է ինչ վերաբացվել է կազմակերպիչների մասով նախաքննությունը։
«Քանի քրեական գործը քննության ընթացքում է, գլխավոր դատախազը իրավունք չունի հիասթափվելու»,-ասաց Դավթյանը։
Արթուր Դավթյանը նշեց, որ մեծ սպասումներ ունի, որ կարողանալու են հասնել հանրությանը հետաքրքրող բազում հարցերի և քրեական գործի քննության առարկա հանդիսացող հանգամանքների օբյեկտիվ բացահայտման։
Ինչ վերաբերվում է պաշտոնական անձանց նկատմամբ հետապնդումների կամ նրանց ապօրինի գույքի հետ կապված հանրային ակնկալիքներին գլխավոր դատախազը նշեց՝
« Ցավոք բոլորը ամեն ինչ գիտեն, բոլորը պահանջում են, բայց երբ որ գալիս է ոմանցից տեղեկություններ ստանալու իրավիճակը, իրանք էդ ժամանակ արդեն էդ բոլորի շարքերում չեն »։
Գլխավոր դատախազի խոսքով՝ սա դժվարություններից ընդամենը մեկն է, սակայն, ընդգծեց, որ դա չի նշանակում, թե իրավիճակի հետ համակերպվել են։
Նա ընդգծեց, որ քրեական հետապդնման անձանց շրջանակը տեսնելով, կարելի է եզրահագել, որ արդյունքներն աննախադեպ են։
Մանրամասները՝ տեսանյութում։