Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Այսօրվա օրով չի երևում պատերազմի վերջը. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ

«Ա1+»-ը զրուցել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ։

 

-Պարոն Մկրտչյան, ո՞ր քաղաքաներն են այսօր կրակի տակ և առավել վտանգված։

 

-Ես Կիևում եմ։ Այստեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Քաղաքը 12-13 օր է՝ չի հրթիռակոծվել։ Վերջին հարվածը երկու շաբաթ առաջ էր։ Կրակի տակ շարունակում է մնալ Խարկովը և Նիկոլաևը՝ եթե մեծ քաղաքները նկատի ունենք։ Ժամանակ առ ժամանակ հրթիռակոծվում էր Օդեսսան։ Օրը 1-2 անգամ, օր է եղել՝ 4 անգամ։ Օկուպացված են մնում Խերսոնը, Բերդյանսկը, Մարիուպոլը, Միլիտոպոլն է։

 

-Լվովի մասին ի՞նչ կարող եք ասել։

-Լվովը երեկ է հրթիռակոծվել՝ Յավորիվ բնակելի վայրը։ Այնտեղ էին արևմտյան երկրների ինստրուկտորները պատրաստում ուկրաինացի զինվորներին։ Այն երկրորդ անգամ են վնասում։ Մեծ վնասներ են պատճառել։

 

-Մեծ վտանգի տակ գտնվող ո՞ր քաղաքներ են հայաշատ։

-Օկուպացված Մարիուպոլում էլ են մնացել, Բերդյանսկում էլ են մնացել։ Մեր համայնքապետը դուրս չեկավ Բերդյանսկից։ Մելիտոպոլում են մնացել հայեր։ Խերսոնի ամբողջ մարզում կան հայեր։ Բոլորի հետ էլ կապ ունենք։ Ում ոնց կարողանում ենք փորձում ենք օգտակար լինել։

-Կային խոսակցություններ, որ Խերսոն քաղաքը բանակցությունների ժամանակ ռուսների համար Դոնեցկի և Լուգանսկի նման դարձել է առաջնային։ Ձեզ ի՞նչ տեղեկություններ են հասել։

-Քաղաքագետները էդպիսի կարծիք հայտնել են մի երեք շաբաթ առաջ, որ հակառակորդը ասում էր, որ կոնֆլիկտը սառեցնելու դեպքում Խերսոնի մարզը պետք է պահեն իրենց իշխանության տակ։ Երեկ չէ առաջին օրը Զելենսկին հստակ հայտարարեց, որ ամեն դեպքում քաղաքն ազատագրվելու է։

 

-Ընդհանուր առմամբ, ունե՞ք զգացողություն, որ պատերազմի ավարտը մոտ է։ Նույն քաղաքագետներից շատերն էին համոզված, որ պատերազմը վերջանալու է Մայիսի 9-ին։

-Այդ օրը մենք իրադարձությունների զարգացման երկու տարբերակ էինք սպասում թշնամու կողմից։ Առաջինը՝ երկար ժամանակ մեզ վախեցնում էին, որ այդ օրը հնարավոր է ատոմային զենքով խփեն Կիևին։ Երկրորդ տարբերակը՝ Ռուսաստանի կողմից պաշտոնապես պատերազմի հայտարարումն էր։ Փառք Աստծո, երկու տարբերակն էլ չաշխատեց։ Այսօրվա օրով չի երևում պատերազմի վերջը։ Ես հասկանում եմ որ, իրավիճակից ելնելով՝ ո՛չ Ուկրաինան զիջումների կամ այլ հետճանապարհ ունի, և ո՛չ էլ  Ռուսաստանի քայլերում եմ դա տեսնում։

 -Ո՞րն է այսօր ամենաառաջնային խնդիրը երկրում։

-Ամբողջ երկրում այսօր, իհարկե, բացի պատերազմից մի հարց կա առկախված՝ դա վառելիքի խնդիրն է, քանի որ թշնամին ոչնչացրել է բոլոր մեծ պահեստները և երկու խոշոր գործարանները, որոնք բենզին և դիզել էին արտադրում։ Ամբողջ պետությունը այսօր վառելիքի խնդիր ունի։