Բացել լրահոսը Փակել լրահոսը
16528991940611
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն առաջարկել է Հայաստանին շարունակել ջանքերը մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ

 Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, որն առաջինն է 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո: Հանդիպումը տեղի է ունեցել առանձնապես բարդ միջազգային համատեքստում, որն անվտանգության և տնտեսական կայունության առումով բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծել թե՛ Հայաստանի և թե՛ ԵՄ-ի համար:

Գործընկերության խորհուրդը քննարկել է ՀԸԳՀ-ի կիրարկումը, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական և առևտրային բնագավառներում համագործակցության ոլորտների լայն շրջանակ և ողջունել է ձեռք բերված առաջընթացը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի հանձնառությունը ՀԸԳՀ-ի կիրարկմանը, դրական գնահատել իրականացված բարեփոխումները և քաջալերել կառավարությանը` շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների, ինչին ԵՄ-ն լիովին աջակցում է։

Գործընկերության խորհուրդը վերահաստատել է ԵՄ-ի և Հայաստանի ընդհանուր հանձնառությունը մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին, իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին: Գործընկերության խորհուրդը ողջունել է դատական և իրավական բարեփոխումների Հայաստանի ազգային ռազմավարության և ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացում արձանագրված ձեռքբերումները՝ միաժամանակ ընդունելով, որ դեռևս առկա են մարտահրավերներ։ ԵՄ-ն կառուցողական քաղաքական երկխոսություն է վարում Հայաստանի հետ և զգալի ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բարեփոխումներին ուղղված այս ջանքերին: ԵՄ-ն հանձնառու է համագործակցելու Հայաստանի հետ՝ լրատվամիջոցների և խոսքի ազատության, ինչպես նաև խտրականության դեմ պայքարի ուղղությամբ հետագա առաջընթացի հասնելու համար:

Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին՝ Գործընկերության խորհուրդը ողջունել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրումը: Այս համաձայնագրով երկու կողմերն էլ ներգրավվում են Հայաստանի ավիացիոն անվտանգության բարելավման գործընթացում, որը կարող է աստիճանաբար հանգեցնել Հայաստանի ընդգրկմանը ԵՄ ավիացիոն շուկայում` օդային տրանսպորտի նոր հնարավորություններով, ավելի ուղիղ հաղորդակցություններով և երկու կողմերի համար տնտեսական օգուտներով:

Գործընկերության խորհուրդը նշել է, որ Արտոնությունների ընդհանրացված համակարգի ավարտից հետո Հայաստանն այլևս չի կարող օգտվել համակարգով առաջարկվող` ԵՄ շուկա մուտքի արտոնյալ պայմաններից: Այնուամենայնիվ, ընդգծվեց, որ թեև ՀԸԳՀ-ն չի նախատեսում ապրանքների առևտրի համար արտոնյալ սակագներ, այն կարևոր ներուժ ունի երկկողմ առևտրային հոսքերին նպաստելու համար, որը պետք է ամբողջությամբ իրացվի:

Գործընկերության խորհուրդը համաձայնել է, որ միջուկային անվտանգությունը առաջնահերթություն է, և այս առումով ի գիտություն է ընդունել Հայաստանի առաջընթացն ու հանձնառությունը՝ ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի ազգային գործողությունների ծրագիրը՝ որպես ԵՄ աջակցությամբ ընդունված սթրես-թեստերի գործընթացի մաս: Խորհուրդը նաև վերահաստատել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևորությունը՝ Փարիզի համաձայնագրի և ՀԸԳՀ-ի համաձայն: Այդ նպատակով ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» նորացված թիրախները և քաջալերել Հայաստանին՝ ընդունելու Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություն՝ նպատակ ունենալով մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության՝ ԵՄ պարտավորություններին համապատասխան:

Գործընկերության խորհուրդը ողջունել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը զբաղվածության և կրթության ոլորտներում՝ ընդգծելով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և արհմիությունների և գործատուների մասին օրենսդրությունը վերանայելու կարևորությունը՝ Հայաստանի օրենսդրական դաշտը Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաների հետ ավելի համապատասխանեցնելու համար: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ընդունելու կրթության նոր ռազմավարություն և վերահաստատել է իր շահագրգռվածությունը՝ ամրապնդելու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կրթության, ուսուցման և երիտասարդության հարցերով ռազմավարությունների վերաբերյալ: Գործընկերության խորհուրդը գոհունակություն է հայտնել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հաջող համագործակցության կապակցությամբ և ողջունել է Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որը թույլ կտա շարունակել հայ հետազոտողների և հետազոտական կազմակերպությունների մասնակցությունը Եվրոպական հետազոտական և նորարարական ծրագրերին:

Գործընկերության խորհուրդն ի գիտություն է ընդունել ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Հայաստանի պատրաստակամությունը։ ԵՄ-ն արձանագրել է Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի և Ռեադմիսիայի համաձայնագրերի՝ ընդհանուր առմամբ, հաջող իրականացումը և առաջարկել Հայաստանին՝ շարունակել ջանքերը:

Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես համագործակցության էական հարթակ: Խորհուրդը նաև վերահաստատել է, որ ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և գենդերային հավասարության հիմնարար խնդիրները մնում են Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակի հիմնասյունը: Գործընկերության խորհուրդը նշել է, որ Հայաստանը կշահի Արևելյան գործընկերության՝ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգից, ինչպես նաև հավակնոտ Տնտեսական և ներդրումային պլանից՝ ԵՄ-ի և Հայաստանի կողմից որոշված՝ այս օրակարգի հիմքում ընկած ուղենշային նախաձեռնություններով, որոնք կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանն ու զբաղվածության աճի խթանմանը, միակցվածությանը, ինչպես նաև «կանաչ» ու թվային անցմանը, հարավային շրջանների կրթությանն ու զարգացմանը:

Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ԵՄ կողմից հրապարակվել է Գործընկերության խորհրդի 2020 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած նիստից ի վեր Հայաստանում և ԵՄ-Հայաստան հարաբերություններում զարգացումների վերաբերյալ Գործընկերության իրականացման զեկույցը: Այն ընդգծում է Հայաստանի առաջընթացը ՀԸԳՀ-ի իրականացման գործում և ԵՄ-ի առանցքային դերը՝ գործընթացին աջակցություն ցուցաբերելու մեջ:

Գործընկերության խորհուրդը նախագահում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորրելը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը։