«Կարո՞ղ է Արցախը լինել Ադրբեջանի կազմում»․ լրագրողի հարցին Ալեն Սիմոնյանի պատասխանը
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողի հարցին՝ համաձայն ե՞ք, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում այսպես պատասխանեց․
«Մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ, ես իրավունք չունեմ նման արտահայտություն անել, քանի որ դա փաստի առջև կկանգնեցնի թե՛ բանակցողներին, թե՛ ողջ բանակցային գործընթացը», - ասաց նա։
Անդրադառնալով ընդդիմության փողոցային շարժման առաջացրած անհարմարություններին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից, որ նրանք ստիպված են լինում երթևեկել խցանված փողոցներով և ականատես են նման իրավիճակներին։ Եվ նշեց, որ քիչ է մնացել։
Ալեն Սիմոնյանի այս հայտարարությանը հաջորդեց լրագրողի հարցը՝ խորհրդարանի նախագահը արդյոք չի ցանկանում ներողություն խնդրել ժողովրդից այն բանի համար, ինչ բերել է այս իշխանությունը ժողովրդի գլխին։
Աժ նախագահն էլ հակադրաձեց, թե դրա համար իրենք վաղուց են ներողություն խնդրել և դրա համար գնացել են ընտրությունների և ժողովրդի դատին են հանձնվել։
«Այն իշխանությունը,որ 2018-ին ժողովուրդը տվել է մեզ՝ մենք վերադարձրել ենք ժողովրդին և ժողովուրդը նորից պատվիրակել է այնպիսի ընտրություններով, որը որևէ մեկի մոտ կասկած չի առաջացրել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով ընդդիմության այն հայտարարություններին, թե հունիսի 3-ին ՔՊ-ի ԱԺ-ը չգալը նշանակում է հանձնում են Հայաստանը, կամ վախենում են դիրքորոշում հայտնել, թե Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ընդդիմության գործելաոճը համահունչ է այդ երկրի նախագահի հետ»։
«Այն անընդհատ համընկնում է բանակցությունների և սահմանում գործընթացների հետ։
Եվ այդ առումով ես ասելիք չունեմ։ Ակնհայտ է , որ այդ գործողությունները համատեղ են իրականացվում»,- պարզաբանեց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հունիսի 3-ի նախաձեռնությունը հերթական փորձ է իրավիճակից ինչ-որ ելք գտնելու։
Մանրամասները՝ տեսանյութում։