ՊՆ փոխնախարարը պարզաբանել է՝ ինչ է քննարկվել ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲնականաբար հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետև բանակցություններն ամենալավ լուծումն են բոլոր առումներով։ Այսինքն ամենավատ բանակցությունն անգամ ցանկալի է, քան ռազմական գործողությունը։
Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովների հանդիպմանը և պատասխանելով լրագրողի հարցին, թե պետք է շարունակել բանակցությունները, երբ այդ հանդիպումից անմիջապես հետո զոհ ունեցանք։
ՀՀ ՊՆ նախարարի տեղակալը լրագրողներին ասաց, որ առաջիկա Մոսկվայում կայանալիք հանդիպումը չի չեղարկվել։
Արման Սարգսյանի խոսքով՝ առաջին հանդիպման ժամանակ կազմակերպչական հարցեր են քննարկվել հետագա աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ։
Անդրադառնալով ընդդիմության կողմից շրջանառվող այն թեզերին, թե սահմանները անվադողերով են կահավորված և այլն, Արման Սարգսյանը նկատեց, որ այսօրվա ընդդիմությունը մինչև 2018 թվականը եղել է իշխանություն և նշեց, որ եթե յութուբում հետ տանք, կադրերը կտեսնենք, թե ինչպես են գովաբանում անվադողեր հանձնողներին։
Երբ փոխնախարարը ցույց էր տալիս «նախկինների» տեղը, լրագրողը հակադարձեց, թե «նրանք թալանչի էին՝ դուք եկել եք դուք արեք», Արման Սարգսյանն ասաց՝ մենք անում ենք, և դա շատ շոշափելի է։ Նախարարի տեղակալն ասաց, որ սահմանի բնագիծը մեծացել է և հնարավոր չէ 1-2 տարում բոլոր խնդիրները լուծել։
«Սահմանին կան վայրեր, որտեղ ավարտված են կահավորման աշխատանքները, կան վայրեր, որ շարունակվում են ինժեներական աշխատանքները։ Եվ եթե Ֆրանսիայի հրապարակում գտնվողներին հուզում է հայրենիքը, ոչ թե քննադատելը իշխանությանը, հավաստիացնում ենք՝ օրուգիշեր կատարվում է հնարավորը, որպեսզի արագ կերպով լուծվեն բոլոր խնդիրները»,- ասաց Արման Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։