Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ստեփանակերտը թույլ է տվել կոպիտ սխալ՝ չընդառաջելով ՀՀ նախագահի առաջարկին․ Վահրամ Աթանեսյան (տեսանյութ)

«Իսկզբանե կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում ՀՀ-ԼՂՀ հաղորդակցությունը պետք է շրջանցեր Լաչին քաղաքը։ Միշտ է այդպես եղել։ Եվ միակ փուլը, երբ այդ մասին խոսք չի եղել, 1997թ․ վերջին ներկայացված կարգավորման փուլային տարբերակն էր, որի համաձայն հայկական վերահսկողության տակ էր անցնելու ամբողջ Լաչինի շրջանը՝ ԼՂԻՄ-ի հետ միասին։ Այնտեղ միջանցքի մասին խոսք չկար։ Դա մերժելուց հետո, մյուս բոլոր դեպքերում խոսակցությունը եղել է այնպես, որ ճանապարհը պետք է շրջանցի Լաչինը։ Լաչինի շրջանը պետք է վերադարձվեր՝ բացի միջանցքից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։

2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Արցախը Հայաստանին կապող նոր միջանցք պետք է կառուցվի։ Արցախի ԱԺ նախկին պատգամավորը, սակայն, տեղեկություններ  չուներ, թե հիմա ինչ բանակցություններ են ընթանում, և արդյոք Լաչին քաղաքը՝ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերն ընկնելու են 5 կմ լայնություն ունեցող այդ միջանցքի տարածքում․ «Մենք պաշտոնապես տեղեկացված չենք, ՀՀ-ն մասնակցո՞ւմ է Արցախին կապող նոր ճանապարհի կառուցմանը, թե՞ ոչ»,- հարցնում է նա։

Վ․Աթանեսյանն անդրադարձավ նաև 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Արցախի քաղաքական ղեկավարության միջև եղած մի զրույցին։ Այդ զրույցը բացահայտել էր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ արդեն 44 օրյա պատերազմից հետո և ասել էր, որ Ս․Սարգսյանն առաջարկել էր հանձնել 7 շրջանները, բայց մերժում էր ստացել։ Ս․Սարգսյանն էլ հակադարձել էր, թե՝ «դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, մի օր էլ կլսեք Ստեփանակերտ, Ստեփանակերտ երգը։

«Ստեփանակերտը թույլ է տվել կոպիտ սխալ՝ չընդառաջելով ՀՀ նախագահի առաջարկին»,- արձագանքում է Վ․Աթանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում