Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tekvando 20.06.
A A
Սպորտ

Մեծ սկանդալ հայկական սպորտում

Հունիսի 16-ին ՀՀ ԿԳՆՍ նախարարությունում անցկացվել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի համաժողով, որի ընթացքում ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ և նախագահ: Այդ կապակցությամբ այսօր ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահության անդամ, «Հվարանգ» ակումբի նախագահ, մարզիչ, սև գոտի չորրորդ դան Վրեժ Խաչիկյանը (այն ներկայացնում ենք առանց կրճատումների).

 «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախկին ղեկավար անձանց և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխնախարար Կարեն Գիլոյանի և վերջինիս ենթակայության տակ գտնվող մի շարք աշխատակիցների կողմից կատարված անօրինականությունների վերաբերյալ

«Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը (գրանցման համար 211 171 00090) այսուհետ՝ Ֆեդերացիա պետք է գործի ՀՀ օրենսդրության և իր կանոնադրության հիման վրա: Սույն թվականի հունիսի 16-ին ժամը 14:00-ին ֆեդերացիայի նախկին ղեկավար կազմից, մասնավորապես` ֆեդերացիայի նախկին փոխնախագահ, ֆինանսական տնօրեն Վարդան Ղահրամանյանի, նախկին գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ նախարարություն) փոխնախարար Կարեն Գիլոյանի և վերջինիս ենթակայության տակ գտնվող մի շարք աշխատակիցների կողմից անօրինական անմիջական աջակցությամբ Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարություն 9-րդ հարկի դահլիճում օրենքի կոպիտ խախտմամբ, անօրինական ճանապարհով, փաստաթղթեր կեղծելով ֆեդերացիայի համաժողով (ժողով) է հրավիրվել, որտեղ Վարդան Ղահրամանյանը ընտրվել է ֆեդերացիայի նախագահ, իսկ փոխնախարար Կարեն Գիլոյանը ֆեդերացիայի պատվավոր նախագահ:

Ըստ «Հասարակական Կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 

  1. Ժողովն իրավազոր է, եթե գումարվել է սույն օրենքին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, և Ժողովին մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին…
  2. Ժողովի օրակարգի, նրա աշխատանքի ժամանակի և վայրի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ եղանակով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան Ժողովի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ հավաստելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը:

Ֆեդերացիայի անդամները՝ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Վարդանյանը (Շամոյան) և ընդհանրապես գործող մարզիչների մեծամասնությունը, ՀՀ թաեքվոնդոյի մեծահասակների ազգային հավաքականի լավագույն մարզիկները չեն ծանուցվել կամ էլ ծանուցվել են ժամկետի խախտմամբ, իսկ երբ ներկայացել են Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում գտնվող նախարարություն` ժողովին մասնակցելու, նախարարության շենքում վերջիններիս ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել առաջին հարկից բարձրանալ 9-րդ հարկ ժողովի անցկացման վայր, քանի որ ֆեդերացիայի նախկին փոխնախագահ, ֆինասական տնօրեն Վարդան Ղահրամանյանի ներկայացմամբ և փոխնախարար Կարեն Գիլոյանի ստորագրությամբ հաստատված ժողովի մասնակիցների ցանկի մեջ նրանց անունները դիտավորությամբ նշված չեն եղել, և վերջիններս ժողովին չեն մասնակցել: Ավելին, համաժողովին մասնակցել և քվեարկել են հիմնականում ֆեդերացիայի ոչ անդամ անձիք, որոնց ցանկը նախարարություն ներկայացրել է Վարդան Ղահրամանյանը, իսկ հաստատել է փոխնախարար Կարեն Գիլոյանը: Ժողովին թույլ չեն տվել մասնակցել նույնիսկ ՀՀ վաստակավոր մարզիչին։  Ընդ որում, ժողովին մասնակցելու էլեկտրոնային ծանուցումները ուղարկել է նախարարության սպորտի քաղաքականության վարչության աշխատակից Արևիկ Կարապետյանը, սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Գագիկի Սեդրակյանի համակարգմամբ, իսկ սկզբում, ժամը 12:00-ին, ժողովը սկսել է նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Վրթանեսի Շահբազյանը, քանի որ Կարեն Գիլոյանը բացակայում էր։

 Ըստ ՀՀ իրավաբանակն անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (այսուհետ նաև Ռեգիստր) գրանցված և առ այսօր գործող ֆեդերացիայի կանոնադրության

  1. Ֆեդերացիայի նախագահությունը

Ընտրվում է ֆեդերացիայի համաժողովի կողմից չորս տարիժամանակով և համարվում է ֆեդերացիայի ղեկավար մարմինը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում․

Նախապատրաստում է ֆեդերացիայի համաժողովները, որոշում է ֆեդերացիայի համաժողովի նեկայացուցչական թվակազմը (պատվիրակության կազմը):

Սահմանում է ֆեդերացիայի համաժողովի անցկացման տեղը, կարգը ու ժամկետները, 

Որոշում է համաժողովի օրակարգը

 6.9. Ֆեդերացիայի նախագահության նիստը իրավազոր է եթե, նիստին մասնակցում են ֆեդերացիայի նախագահության անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3–ը: Որոշումները ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Ֆեդերացիայի 2014թ-ի նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ֆեդերացիայի վերջին համաժողովի ընթացքում ընտրված Ֆեդերացիայի 45 անդամ անձանցից բաղկացած  նախագահության կողմից որևիցէ նիստ չի հրավիրվել, չի նախապատրաստվել և կազմակրպվել սույն թվականի հունիսի 16-ի ժողովը, առավել ևս դրա վերաբերյալ արձանագրություն չի կազմվել։ Իսկ ըստ օրենքի և ֆեդերացիայի գործող կանոնադրության  6.8 կետի ֆեդերացիայի ղեկավար մարմինը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում ֆեդերացիայի նախագահությունն է և նա պետք է կազմակերպի համաժողովը, այլ ոչ թե նախարարության   աշխատակիցները։ 

Նախարարությունն իր աշխատակիցների միջոցով իրավասու է և պարտավոր է միայն վերահսկել ֆեդերացիային պետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման գործընթացը։ Նախարարության աշխատակիցները, որպես պաշտոնատար անձիք, այդ թվում նաև փոխնախարար՝ Կարեն Գիլոյանը, որևէ իրավասություն չունեն խառնվել «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության գործունեությանը, առավել ևս համաժողով կազմակերպեն։ Փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ ընդամենը ձեռք էր բերվել պայմանավորվածություն տեղ տրամադրելու և իր ներկայությունն ապահովելու։

Ժողովի սկզբում վերը նշվածի մասին ֆեդերացիայի նախագահության անդամ «Հվարանգ»

ակումբի նախագահՎրեժ Խաչիկյանի, ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Ավետիսյանի և մի շարք այլ անձանց կողմից հնչեցված հիմնավորումներից հետո, նախարարության աշխատակիցներին հատկապես որպես պաշտոնատար անձիք միայն օրենքով սահմանված կարգով գործելուն հորդորելուց հետո (ինչը տեսաձայնագրառվել է) նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Վրթանեսի Շահբազյանը դադարեցրեց ժողովը և բոլոր ներկաները դուրս եկան դահլիճից։ ժողովն օրենքով և ֆեդերացիայի կանոնադրությամբ սահմանված կարգով անցկացնելուն կողմ ժողովի մասնակիցները դուրս եկան նախարարության շենքից, իսկ Վարդան Ղահրամանյանի թիմակիցները, որոնցից շատերը ընդհանրապես ֆեդերացիայի անդամ չեն, սպասելով Կարեն Գիլոյանին, վերջինիս նախարարություն գալուց հետո բարձրանում են դահլիճ և անց են կացնում օրենքի ու ֆեդերացիայի կանոնադրության կոպիտ խախտմամբ համաժողով, և Վարդան Ղահրամանյանը ընտրվում է ֆեդերացիայի նախագահ, իսկ Կարեն Գիլոյանը` ֆեդերացիայի պատվավոր նախագահ (ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում կատավել է գրառում վերը նշվածի մասին):

 

Իսկ հիմա ամենակարևորի մասին։

2018 թվականին մի շարք անձանց, այդ թվում որոշ մարզիկների ծնողների կողմից  Ֆեդերացիայի նախկին փոխնախագահ, ֆինանսական տնօրեն՝Վարդան Ղահրամանյանի  կողմից ՀՀ պետ բյուջեից ֆեդերացիային տրված գումարների ենթադրյալ յուրացման, մարզիկներից գումար վերցնելու, ինչպես նաև հավաքականի երկրորդ գլխավոր մարզիչ և ընդհանրապես մարզիչ չլինելով Վարդան Ղահրամանյանի կողմից պետությունից պատվո վճար ստանալու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավասու մարմիններին։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է թիվ 15896818 քրեական գործն, որն այժմ քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, և չգիտես ինչու առ այսօր ընթանում է նախաքննություն:

 

05.11.2018թ․ լրացել է ֆեդերացիայի նախկին նախագահ, Էջմիածին քաղաքի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման ժամկետը։ Վարդան Ղահրամանյանի և Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ 24.05.2019թ․համաժողով է կազմակերպվել, սակայն ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի 17.06.2019 թ-ի որոշմամբ մերժվել է Ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնադրության և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը, քանի որ այն անց էր կացվել օրենքի և կանոնադրության խախտումներով։ Վարդան Ղահրամանյանը Ռեգիստրին գրանցումը պարտավորեցնելու մասին պահանջով ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել և ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/6603/05/19 վարչական գործով 23.03․21թ․ վճռով հայցը մերժել է։ 05.11.2018 թվականից առ այսօր ֆեդերացիայի նախկին և փոխնախագահ, և ֆինանսական- գործադիր տնօրեն և ֆեդերացիայի հավաքականի երկրորդ մարզիչ Վարդան Ղահրամանյանը,  իր մոտ պահելով ֆեդերացիայի կնիքը և ձևաթղթերը, շարունակում է անօրինական կերպով, միանձնյա կառավարել, հանդես գալ ֆեդերացիայի անունից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության /այսուհետ նաև Նախարարություն/ հետ կնքել պայմանագրեր, ստանալ պետությունից տարեկան շուրջ 21 000 000 /քսանմեկ միլիոն/ ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն և միանձնյա տնօրինել այդ գումարը հաշվետվություն ներկայացնելով միայն նախարարության աշխատակիցներին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 24 հուլիսի 2017 թվականի թիվ 146-Ա/1 «ՀՀ պետական բյուջեից ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաներին  ֆինանսական աջակցության չափի հաշվարկման և գործունեության կարգի հաստատման մասին» հրամանի 3-րդ կետի համաձայն ֆինանսական աջակցություն տրանադրելու և ֆեդերացիայի հետ պայմանագիր կնքելու նպատակով Ֆեդերացիայի նախագահի կամ վերջինիս կողմից պատշած լիազորված անձի կողմից Նախարարություն պետք է ներկայացվեր ֆեդերացիայի ղեկավար մարմնի նիստի արձանագրությունը,  ֆեդերացիայի նախագահի կողմից հաստատված մի շարք այլ փաստաթղթեր։ Վարդան Ղահրամանյանի կողմից նախարարություն կամ դրանք չեն ներկայացվել, կամ ներկայացվել են ուժը կորցրած կամ կեղծ փաստաթղթեր։ Այդ ամենի վերաբերյալ  ֆեդերացիայի նախագահության անդամ Վրեժ Խաչիկյանի, վաստակավոր մարզիչներ Արսեն Ավետիսյանի, Վարդան Վարդանյանի (Շամոյանի) և մի շարք այլ անդամների կողմից, 2020 թ-ի դեկտեմբերին, այնուհետև 2021թ-ին և վերջին անգամ 31.01.2022թ.  գրություններ է ուղղվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․Դումանյանին, որպեսզի տրամադրեն 24 հուլիսի 2017 թվականի թիվ 146-Ա նախարարի հրամանով նախատեսված Վարդան Ղահրամանյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի պատճենները, ստուգեն դրանց իրավաչափությունը և անհամապատասխանության դեպքում պայմանագիր չկնքեն և գումար չտրամադրեն, մինչև ֆեդերացիայի կողմից 2018 թ-ից հետո օրինական համաժողովով ընտրված և ռեգիստրում գրանցված ֆեդերացիայի նոր նախագահի կողմից փաստաթղթեր չնարկայացվեն նախարությանը։ Գրություններին պատասխանել է փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ առ այսօր չտրամադրելով վերը նշված փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև սույն թվականի հունիսի 16-ին իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների հետ միասին անօրինական կերպով կազմակերպել են վերը նշված համաժողովը, այսինքն՝ կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եղել նախարարության աշխատակիցների լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել ֆեդերացիայի, ֆեդերացիայի անդամ հանդիսացող անձանց իրավունքներին ու օրինական շահերին։ Իսկ նախարարությունը առ այսօր շարունակում է պետության կողմից ֆեդերացիային հատկացված ֆինանսական շուրջ 21 000 000 /քսանմեկ միլիոն/ ՀՀ դրամ ֆինանսական աջակցությունը ոչ օրինական ճանապարհով տրամադրել ֆեդերացիան ներկայացնելու իրավասություն չունեցող անձ՝ նախկին փոխնախագահ Վարդան Ղահրամանյանին։ 


Նախկինում Վարդան Ղահրամանյանին աջակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար, ներկայիս մեղադրյալ Գեվորգ Լոռեցյանը (առկա է տեսաձայնագրառում)։ Վերը շարադրվածի վերաբերյալ 20.06.2022թ․հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, ինչպես նաև 17.06.2022թ. դիմում է ներկայացվել ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետին «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության (գրանցման համար 211 171 00090) կողմից 16.06.2022թ-ին գումարած ժողովի (ղեկավար կազմի փոփոխության) գրանցումը (պետական գրանցումը) մերժելու մասին, քանի որ ժողովը գումարվել է «Հասարակական Կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և Ֆեդերացիայի կանոնադրության կոպիտ խախտմամբ: