Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Եթե որևէ բան այնպես չստացվեց, մեղավորը ես եմ. Չեքիջյանի գլխավորած երգչախումբը 85 տարեկան է (տեսանյութ)

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը նշում է հիմնադրման 85-ամյակը։ Այսօր՝ հունիսի 21-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հոբելյանական համերգ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Համերգը կղեկավարեն Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանն ու և Էդուարդ Թոփչյանը։

Երգչախմբի հիմնադիրը՝ Թաթուլ Ալթունյանն էր, որը ղեկավարեց երկու տարի։ Այնուհետ Արամ Տեր-Հովհաննիսյանը ստանձնեց պաշտոնը՝ մինչև 1961 թվականը։ Ավելի քան վաթսուն տարի երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանն է:

Նրա օրոք երգչախումբն արժանացավ «Ակադեմիական» և «Վաստակավոր կոլեկտիվ» կոչումներին, իսկ 2012-ին շնորհվեց «Ազգային» երգչախմբի կարգավիճակ: Մաեստրոն հարազատ երգչախմբին ցանկանում է հյուրախաղեր։ Խորհրդային տարիներին շրջագայություններն այնքան մեծաթիվ էին, որ երևանցի հանդիսատեսը կատակում էր, թե Կապելլան շուտով հյուրախաղով գալու է Երևան։

Երգչախումբը ելույթ է ունեցել Փարիզի, Լոնդոնի, Պրահայի, Նյու Յորքի, Բոստոնի, Դեթրոյթի, Լոս Անջելեսի, Մոսկվայի աշխարհահռչակ համերգասրահներում: Սակայն, Մաեստրոյի համար Սանկտ Պետերբուրգի, նախկինում Լենինգրադի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահը թերեւս ամենահարազատն է։

Մեներգիչ Բերճ Քարազյանը հիշում է՝ ինչպես ընդունեց իրենց լենինգրադյան քմահաճ ունկնդիրը։ Բերճ Քարազյանի խոսքով, Մաեստրոն կարողանում է մարդուն գնահատել՝ անկախ կարողությունից, դիրքից ու պաշտոնից։ Բարձրաճաշակ ու իրական արվեստագետի կյանքով ապրող անհատ, անհաս մեծություն է։

Հոբելյանական երեկոյին կհնչեն Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, աշխարհահռչակ գործերից:

 

Մանրամասները՝ տեսանյութում