Բացել լրահոսը Փակել լրահոսը
290334211_388768153350790_4064373455486405727_n
A A
Տնտեսություն Հասարակություն

Ծիրանով և լոլիկով բեռնված բեռնատարները սպասում են որոշմանը

Արդեն երկու օր է ջրհեղեղի պատճով փլուզվել է Լարսի վրացական հատվածի մոտ 80 մետր ճանապարհահատվածը, ինչի հետևանքով Հայաստանից դեպի ՌԴ արտահանվող բեռնատարների և առհասարակ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար երթևեկությունը դադարեցվել է։

Թեմայի շուրջ «Ա1+»-ը զրուցել է «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանի հետ։

«Լարսի վրացական տարածքում 60-ից ավելի մեքենաներ ունենք․ դեպի ՌԴ գնացող բեռնատարներ են՝ լոլիկով, ծիրանով բեռնված»,- ասում է Կարեն Աղդայանը  և նշում, որ մթերքի վրա յուրաքանչյուր օրն է ազդում․ «Կանգնած վիճակում ամեն մի օրը ազդում է մթերքի որակի, ինչպես նաև գնի վրա»։

Ընկերությունը հետևում է պաշտոնական տեղեկատվությանը, բայց վրացական կողմը դեռ հստակ օր չի նշում, թե քանի օրում կվերջացնեն ճանապարհի վերանորոգման աշխատանքները։

«Նախնական ինֆորմացիաներ են պտտվում՝ 4 օր, 5 օր, մեկ շաբաթ։ Դեռ անհասկանալի է»,- ասում է «Սպայկա» ընկերության  ներկայացուցիչը՝ հույս ունենալով, որ այսօր մինչև օրվա վերջ նախնական կասեն, թե դեռ քանի օր կանգնած կմնան իրենց բեռնատարաները։

Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են պատրաստվում անել, եթե պարզվի, որ բեռնատարները շարունակելու են երկար կանգնած մնան։ Ընկերությունից տեղեկացնում են, որ մթերքը տեղափոխելու համար այլ ուղիներ են փորձում գտնել։

«Դեռ մտածում ենք, ոչ մի հստակ բան չկա։ Ամեն ինչ կախված է վրացական կողմի պատասխանից։ Եթե դա տևելու է մի քանի օր՝ կսպասենք, եթե 15-20 օր, դա արդեն ուրիշ հարց է»,- պարզաբանում է «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավարը ։

Հետաքրքվեցինք՝ հնարավո՞ր է հետ կանչել բեռնատարները։

«Դժվար հարց է։ Կարող է մտածենք լաստանավի պահը։ Հիմա չգիտենք։ Մի քանի ուղի ենք փնտրում։ Պահուստային տարբերականեր ենք մշակում, բայց  դեռ պարզ չի՝ ինչ կանենք, որովհետև ինֆորմացիա չունենք»,-ասաց «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը։

Զրուցեց Հայկ Մագոյանը