Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պետք է դուրս գանք Բերձորից, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Մենք որեւէ մեկին չենք ասել՝ դուրս եկեք Բերձորից: Այս մասին այսօր ԱՀ խորհրդարանում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցին, որում ընդդիմադիր գործիչը մասնավորապես ասում էր, թե 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության, Լաչինի միջանցքով երեք տարվա ընթացքում պետք է նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝ համաձայնեցնելով կողմերի հետ և հավելում, որ այժմ հրամցնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է եւ դուրս է 5 կիլոմետր լայնությունից, որի պատճառով էլ ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքների հայաթափման հարցը: Ընդդիմադիր պատգամավորը, վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ ըստ ՀՀ վարչապետի՝ այս երթուղու ընտրության հարցում ԱՀ իշխանությունները ներգրավված են եղել եւ իրենք առաջնորդվել են այդ նախընտրություններով, ապա հարցրեց՝ արդյոք այս նոր կառուցվող ճանապարհը կապ ունի՞ 6-րդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե՞ սա այլ ճանապարհ է, միգուցե եւ բարձրակարգ: Ձեր կողմից տրվե՞լ է համաձայնություն, ե՞րբ եւ համաձայնություն տալուց առաջ նկատի ունեցե՞լ եք նշված բնակավայրերի հայաթափման հարցը։

«Կապված երթուղու հետ, մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն՝ ե՛ւ Ադրբեջանի կողմից, ե՛ւ ՌԴ-ի կողմից. բոլոր առաջարկությունները մերժվել են: Գործող մայրուղին, ավելի ճիշտ առաջարկվողը, քննարկվել է մի քանի անգամ՝ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը: Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել: Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը:

Ճանապարհն ավարտվելուց հետո, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու՝ որակի առումով համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում, արդյոք լինելու է անվտանգ, իսկ իմ կարծիքով՝ շատ ավելի անվտանգ է լինելու՝ բազմաթիվ անվտանգային խնդիրներ հաշվի առնելով»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

ԱՀ նախագահն ասաց, որ Սուս գյուղում  այսօր համարյա բնակիչ չկա և շեշտեց, որ անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Արայիկ Հարությունը քիչ հավանական է համարում Բերձորում մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը,  բայց Աղավնոյում շարունակելու են պայքարը:

Մանրամասները՝ տեսանյութում։