Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաշքշուկ՝ կադաստրային սխալի պատճառով (տեսանյութ)

Կադաստրային սխալի պատճառով քաղաքացի Հ․ Կ-ն քաշքշուկի մեջ է հայտնվել։ Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց, որ իր գնած հողի կադաստրային քարտեզը չի համապատասխանում GPS-ով արված սահմանակետերին։ Քաղաքացին պնդում է, որ այստեղ կա կադաստրային սխալ։

Որպեսզի հասկանանք, թե ինչպես են կարգավորում այսօրինակ հարցերը  «Ա1+»-ը խնդիրը ներկայացրեց «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ նախագահ Արայիկ Հակոբյանին։

«Սա համարվում է կադաստրային քարտեզի սխալ։ Եթե GPS-ով փորձում ենք հողամասի սահմանակետերը նշահարել բնության մեջ՝ մենք տեսնում ենք կադաստրային քարտեզի սխալը։ Կառավարության 2021 թվականի 698 որոշմամբ սահմանվեց կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը»,- պարզաբանեց Արայիկ Հակոբյանը՝ նշելով, որ Կադաստրային կոմիտեն իր հերթին իրականացնում է քարտեզի ուղղումներ, բայց այն ամբողջությամբ չեռ չի ուղղվել։

«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ նախագահն ասում է, որ տվյալ խնդիրը պետք է լուծել մասնավոր ընկերության հետ, կազմել հողամասի ճիշտ հատակագիծ և ներկայացնել տվյալ համայնքի ղեկավարի հաստատմանը, որից հետո ներկայացնել ՀՀ Կադաստրի  պետական կոմիտեի  ցանկացած գրասենյակ՝ կադաստրային քարտեզի ուղղման նպատակով։

Մինչ այդ գոյություն ունեցող քարտեզը չեղարկվու՞մ է՝ հարցին Արայիկ Հակոբյանն ասում է, որ ոչ թե չեղարկվում է, այլ ուղղում է կատարվում տվյալ քարտեզում։

«Այսինքն՝ քարտեզում հողամասի սահմանգիծը տեղաշարժվում է, որքան որ սխալ է»,- ասաց «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ նախագահը և նշեց՝ որակավորված մասնավոր ընկերությունների ցանկը կադաստրի կոմիտեի ցանկում հրապարակված է։

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին, եթե ցանկանում է ձեռք բերել անշարժ գույք, պետք է մինչև տվյալ գույքի առուվաճառը իրականացնի GPS-ով սահմանների նշահարում, որից հետո, երբ կհամոզվի, որ կադաստրային քարտեզի սխալ չկա՝ կգնի անշարժ գույքը։

Նշենք՝ Կառավարությունը 2021 թվականի ապրիլի 29-ի N698 որոշումով սահմանել է կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։