Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol (2)
A A
Սպորտ

Առանց պետական աջակցության հնարավոր չէ հավաքական պահել․ ՀԲՖ գլխավոր քարտուղար

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը վերջերս երկրորդ անգամ հաղթանակ տարավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ եզրափակիչում վստահ հաղթելով Մալթայի ազգային թիմին։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի կարծիքով, դա փոքր հաջողություն չի մեր հավաքականի համար։

«Շատերի մոտ այնպիսի կարծիքն է ստեղծվել, որ փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հանդես են գալիս թույլ թիմեր։ Դա այդպես չէ։ Օրինակ՝ Անդորայի բասկետբոլիստները հանդես են գալիս Իսպանիայում։ Սան Մարինոն թիմ ունի Իտալիայի ցածր լիգայում։ Մալթայի հավաքականի խաղացողների մեծ մասը խաղում են Իտալիայի Ա սերիայում։ Ջիբրալթարը մշտական կապի մեջ Իսպանիայի հետ», - ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն այսօր կայացած մամուլի ասուլիսին։

Բնականաբար հարց է ծագում, իսկ ինչու մեր հավաքականը չի մասնակցում Եվրոպայի կանոնավոր առաջնությանը։ Արթուր Նազարյանը դա բացատրեց հետևյալով․

«Այս տարի նպատակահարմար գտանք մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որովհետև Եվրոպայի նախորդ առաջնության ընտրական փուլը ցույց տվեց, որ մենք դեռ մեծ անելիքներ ունենք նման մակարդակներում խաղալու։ Բացի այդ, դա կախված չի միայն ֆեդերացիայից։ Պետք է լինի նաև պետական հստակ պլան։ Մենք պետք է որոշենք, արդյոք ուզում ենք ունենալ հավաքական ողջ տարվա համար, թե երկու տարին մեկ մասնակցել փոքր երկրների առաջնությանը։ Առանց պետական աջակցության հնարավոր չէ հավաքական պահել, քանի որ մեր ֆեդերացիան ֆինանսական օգնություն չի ստանում միջազգային կառույցներից», - պարզաբանեց ՀԲՖ գլխավոր քարտուղարը։

Նշենք, որ այս ամիս Եվրոպայի առաջնություններում հանդես կգան նաև Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները։