Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինդզո Աբեի վիճակով, որի դեմ մահափորձ է կատարվել այսօր: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Երկուստեք բարձրաձայնվել է մեր երկրների միջեւ բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: «Ճապոնիան մեզ համար կարեւորագույն գործընկեր է, եւ Հայաստանը շահագրգիռ է առեւտրատնտեսական կապերի խորացմամբ, մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ, կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ուղղություններով համագործակցության խորացմամբ»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության կարեւորությանն առնչվող հարցեր: Ճապոնիայի դեսպանը կարեւորել է ինտենսիվ փոխգործակցությունը տարբեր մակարդակներում՝ նշելով, որ շատ հաճախ ժողովրդական դիվանագիտությունն ավելի արդյունավետ դեր է ստանձնում՝ օգնելով դասական դիվանագիտությանը: