Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՆԳՆ միացումը ԱԱԾ-ին հանգեցրին պալատական հեղաշրջման, արդյունքն ամրապնդվեց հոկտեմբերի 27-ի ոճիրով (տեսանյութ)

Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից ելույթ ունեցավ «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ հարցին։

Արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչը նաև շնորհակալություն հայտնեց կարևոր հարցի քննարկմանը մասնակից բոլոր շահագրգիռ կողմերից և պատմական էքսկուրս անցկացրեց, թե ինչու հենց 2002 թվականին քաղաքական իշխանությունը որոշեց սկսել ՆԳՆ-ն դարձնել Ոստիկանություն։

Ըստ Բաբաջանյանի՝ երբ 1996-1997թթ․ Ներքին գործերիր նախարարությունը միացվեց ԱԱԾ-ին, երկրում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում և դա ամրագրվեց հոկտեմբերի 27-ի ոճրով, երբ խորհրդարանում գնդակահարվեցին ՀՀ պետական այրերը։

«Այդ իշխանությունը իր իշխանությունը պահելու խնդիր ուներ՝ և՛ ոստիկանությունը համակարգի ներսում, և՛ քրեական աշխարհը համակարգից դուրս՝ փողոցում, պետք է ապահովեր այդ իշխանության վերարտադրությունը»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ Ոստիկանությունը ցուցակների հարցում պետք է գնար այնպիսի կեղծիքների, որ հարյուր հազարներով քվեներ կեղծվեին և այդպիսով, ըստ քաղաքական գործչի, պետք է տեղի ունենար պետության և իշխանության բռնազավթում։

Հիշեցնենք՝ խորհրդարանական լսումներ են տեղի ունենում Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու համար։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարեւորել է խորհրդարանական լսումները՝ ընդգծելով, որ նոր նախարարության  ստեղծումը շատ կարեւոր եւ մեծ քայլ է իրավապահ համակարգի համար:

«Այն կոնցեպտը, որը ձեզ ներկայացվելու է, լիովին նոր նախարարության, նոր հայեցակարգի մոտեցում է, որտեղ ոստիկանությունը պարզապես չի անվանափոխվելու՝  անվանվելով ՆԳՆ:  Ոստիկանությունը, իհարկե, պահպանելու է իր շատ կարեւոր դերակատարումը, բայց ոստիկանությունը լինելու է սիրտը, մի կարեւոր մասը քաղաքացիական կառույցի, քաղաքացիական կառավարման, քաղաքական կառավարման, որը լինելու է նոր Ներքին գործերի նախարարությունը»,-ասել է նա:

Նախարարն աջակցության համար շնորհակալական խոսքեր է հղել միջազգային փորձագետներին, մասնավորապես, ԱՄՆ-ի,  ԵՄ-ի գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Կարեն Անդրեասյանը հայտնել է, որ 10-օրյա ժամկետում առաջարկների հիման վրա նախատեսում են լրամշակել օրենսդրական փաթեթը, իսկ սեպտեմբերին այն ներկայացնել խորհրդարանի քննարկմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։