Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ես հասկանում էի՝ եթե հայ չի, դժվար նայի ֆիլմ եղեռնի մասին, ուստի  որոշեցի մարդկային պատմություն նկարել․ Մայքլ Գյուրջյան (տեսանյութ)

«Ամերիկացին» ֆիլմը միջազգային նախագիծ է, սակայն ֆիլմի ռեժիսոր ու  գլխավոր դերակատար Մայքլ Գյուրջյանը որոշեց, որ այն պետք է ներկայացնի որպես հայկական արտադրության։

Հենց այս ֆիլմով է բացվել «Ոսկե ծիրան» փառատոնը։

«Ֆիլմը Հայաստանում է նկարահանվել, դերակատարները հիմնականում հայաստանցի հայեր են։  Այն բոլոր լեզուներով հնչելու է հայերեն արտասանությամբ հենց այսպես՝ «Ամերիկացին»»,- ասաց Մայքլ Գյուրջյանը «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ։

Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքն այդ ոճրագործության զոհ էր դարձել:

Պատմությունը սկսվում է 1948 թվականից, երբ Չարլին հայրենադարձվում է Հայաստան ու բախվում խորհրդային կարգերի դաժան իրականությանը: Նրան ձերբակալում են ու դատապարտում ազատազրկման:

 Իրավիճակի ողջ սարսափին  զուգահեռ՝ Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը երկրաշարժի հետևանքով վնասվել է՝ առաջացնելով ճեղք։

Այդ ճեղքից նա կարողանում է տեսնել դիմացի շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ, որոնք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող օղակը:

Նա սկսում է հետևել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ ու փորձում ճանաչել մինչ այդ իրեն անծանոթ հայկական մշակույթը, հայկական աշխարհը:

Ռեժիսորի խոսքով՝ սա խորը մարդկային պատմություն է, թե ինչպես բանտարկյալը կարող է ապրել, մոտիվացվել ու սիրել կյանքը։ Սա պատմություն է, որը կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած անկյունում։ Սա ֆիլմ է՝  լի  հույսով։  

« Այս ամենը իրական պատմություն է, որ պատմել է ինձ տասը տարի բանտախցում անցկացրած մի մարդ, և ես որոշեցի զուգադրել այս պատմությունն ու ցույց տալ այն այլ իրողության մեջ։ Ինչ վերաբերում է ցեղասպանության թեմային, ապա ես հասկանում էի, որ եթե հայ չես, դժվար է մարդուն ստիպել գալ նայել ֆիլմ եղեռնի մասին, ուստի  որոշեցի մարդկային պատմություն նկարել։ Սա այնպիսի ֆիլմ չէ հայերի մասին, ինչպես «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը», այլ ֆիլմ է հայի մասին, որ փորձում է հասկանալ իր ինքնությունը։ Ես ևս փորձում եմ գտնել իմ ինքնությունը, քանի որ ծնվել եմ ընտանիքում, որը ցանկանում էր ասիմիլացվել ու դաստիարակվել եմ ոչ թե հայկական մշակույթով, այլ ամերիկյան ստանդարտներով։  Իմ ինքնության մասին ոչինչ չգիտեի, մինչև այս ֆիլմը որոշեցի նկարահանել, երբ սկսեցի կարդացի ու շփվել հայերի հետ»,- անկեղծացավ Մայքլ Գյուրջյանը։

Փառատոնի ավարտից հետո «Ամերիկացին» ֆիլմը կցուցադրվի Երեւանի կինոթատրոններում։