Բացել լրահոսը Փակել լրահոսը
09680000-0a00-0242-f476-08da6cef410d_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիեւին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին

 Բլինքենը թվիթերում մասնավորապես  գրել է.

«Լավ քննարկում եմ ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորության շուրջ։ Ես ողջունում եմ Հայաստանի դրական քայլերն Ադրբեջանին և Թուրքիային ընդառաջ։ Տարածաշրջանի երկրների միջև քննարկումներն առանցքային են Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ավելի ուշ ԱՄն պետքարտուղարությունը  տարածել է  հայտարարություն հեռախոսազրույցի մասին, ուր մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների օգնությունը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության կապերը հեշտացնելու համար։

Պետքարտուղարը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակությունը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը Թբիլիսիում։

Նա նաև վերահաստատել է իր աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին և նշել, որ Միացյալ Նահանգները 1994թ.-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է ներգրավվել երկկողմանիորեն և համախոհ գործընկերների հետ՝ օգնելու համար Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն:

Պետքարտուղար Բլինքենը նաև ողջունել է վարչապետին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված դրական միտումների և կոնկրետ պայմանավորվածությունների համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիեւին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին,-ասված է  ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում։