Բացել լրահոսը Փակել լրահոսը
օպել
A A
Հասարակություն

Opel Astra-ն Երևան-Արմավիր ճանապարհին բախվել է էլեկտրասյանն ու արագաչափերի սյանը և գլխիվայր շրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամորի վարչական տարածքում բախվել է էլեկտրասյանն ու արագաչափերի սյանը և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել բաժանարար գոտու մեջտեղում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» ԲԿ։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարերը հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Մեծամոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը։ 

Բախման հետևանքով էլեկտրասյունը, որի վրա նաև ամրացված են եղել երկկողմանի արագաչափերը, տապալվել ու կոտրվել է, իսկ երկաթե սյուներից մեկն էլ շպրտվել և վնասել է դեպի Արմավիր ընթացող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածն ու դիմապակին։ Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության տեսուչներ Արթուր Գինոսյանը, Ալբերտ Առաքելյանն ու ոստիկանության Մեծամորի բաժնի պահակետային դասակի հրամանատար Դավիթ Իգիթյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և  խցանում տեղի չունենա, ինչը ոստիկաններին հաջողվում է, մինչև կորոշվի, թե վթարի պահով ով է զբաղվելու՝ ոստիկանությո՞ւնը, թե՞ քննչական բաժինը, քանի որ դեպքի մասին տեղեկացրել են նաև Արմավիրի մարզային քննչական վարչություն, սակայն մինչև այս պահը նրանք հրաժարվում են գալ՝ ասելով, թե ինքնավթար է. իրենք այնտեղ անելիք չունեն։