Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Jamila Afghani_1200x480
A A
Հասարակություն

Ջամիլա Աֆղանին՝ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր 

Հոկտեմբերի 15, 2022 թ., Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։  

Դափնեկրի մեծարանքի միջոցառումները, որոնք կրում են բարեգործական բնույթ, անցկացվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։ Մինչեւ 2021 թ. օգոստոսը «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությունն ուներ ավելի քան 100.000 կին շահառու, որոնք ընդգրկված էին գրագիտության ծրագրերում: Եվ սա՝ շնորհիվ բազմաթիվ համայնքներում ստեղծված փոքր կենտրոնների, որոնք ղեկավարում էին հենց կանայք: Կազմակերպությունը նաեւ իրավաբանական օգնություն եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում ավելի քան 10.000 կնոջ, որոնք բռնության են ենթարկվել ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից: Ստիպված լինելով փախչել Աֆղանստանից՝ Ջամիլան շարունակում է օգնել մյուսներին՝ անկախ հեռավորությունից:  

Երբ թալիբները զավթեցին իշխանությունը երկրում, Ջամիլա Աֆղանին ստիպված էր լքել հայրենիքը, բայց նա երբեք չի հրաժարվել իր հայրենակիցներից: Այսօր էլ նրա կազմակերպությունը շարունակում է աջակցել Աֆղանստանի կանանց եւ խոցելի ընտանիքներին՝ լույս սփռելով կրթության անհասանելիության, ընտանեկան բռնության եւ այլ ժամանակակից խնդիրների վրա, որոնց այսօր բախվում են կանայք: Միաժամանակ այն ֆինանսական օգնություն է տրամադրում իրավապաշտպաններին, լրագրողներին եւ փաստաբաններին:  

««Ավրորայի» առաքելությունն է ճանաչման եւ մեծարանքի արժանացնել Ջամիլա Աֆղանիի նման մարդասերների աշխատանքը եւ այն ներկայացնել աշխարհին: Մերօրյա այս հերոսները ոգեշնչում ու առաջնորդում են մեզ եւ ցույց տալիս, թե ինչպես դիմակայել ճնշող թվացող մարտահրավերներին: Նրանք մեզ հիշեցնում են համընդհանուր մարդկայնության մասին եւ քաջալերում՝ նույն նվիրվածությամբ ծառայելու աղքատներին եւ լուսանցքում հայտնված մարդկանց։ Նրանք նաեւ հիշեցնում են մեզ բոլորիս հավասար հնարավորություն տալու՝ մեր պարտավորության մասին»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:   

Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է «Ավրորա» մրցանակը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Որպես 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին կաջակցի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգային եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությանը: Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգան իր անդամների կողմից ղեկավարվող միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է խթանելու համաշխարհային խաղաղություն՝ հանդես գալով հանուն զինաթափման, բռնության վերացման, կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության: Իսկ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման հասարակական կազմակերպությունը մարդասիրական աջակցություն է տրամադրում Աֆղանստանի կանանց, երիտասարդներին եւ երեխաներին, նրանց ընձեռում զարգացման հնարավորություն 

«Իմ մասնագիտական փորձից գիտեմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պայքար է։ Մենք անցնում ենք այս փուլերով, եւ սա դրանցից մեկն է, երբ այդքան էլ պարզ չէ, թե ինչպիսին պետք է լինեն մի շարք հարցերի շուրջ մեր հետագա քայլերը, հատկապես՝ երբ ժամանակը պարզապես չի հերիքում: Ջամիլա Աֆղանիի նման մարդիկ հույսի լույս են վառում ապագայի համար եւ մեզ բոլորիս ելք ցույց տալիս խավարից»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը:   

Ստեղծումից ի վեր «Ավրորա» մրցանակը բարեփոխել է հակամարտությունների, հալածանքների եւ մարդու իրավունքների այլ խախտումների հետեւանքով տուժած ավելի քան 1.000.000 մարդու կյանք՝ ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին, տեղահանվածներին, կանանց եւ աղջիկներին: Բարեգործական նախաձեռնությունը, որի նպատակը շոշափելի արդյունքի հասնելն է, իրականություն է դառնում աջակիցների շնորհիվ, որոնց նվիրատվությունը հնարավորություն է տալիս մրցանակին՝ շարունակելու զորացնել մերօրյա հերոսներին: