Պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Սոչիում առաջիկայում կայանալիք հանդիպմանը ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթ, այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման: Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում:
Խոսելով ԼՂ-ի հարցի լուծումից՝ նա շեշտեց՝ այն, որ կա հարցի լուծման ռուսական և արևմտյան ընկալում՝ ճիշտ է: ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնվել է և սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին: Եվ այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը Փաշինյանը համարում է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է:
«Այո, այնտեղ կա նաև ռուս խաղաղապահների մասին: Մենք, իհարկե, ուզում ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը ԼՂ-ում: Ես պաշտոնապես ասում եմ՝ պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15 տարով, 20 տարով: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա»,-ասաց Փաշինյանը: