Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar 2.12.
A A
Սպորտ

Քաթար-2022, մրցումային 13-րդ օր. Աֆրիկյան թիմերն ընդդեմ մնացած աշխարհի

Քաթարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 3-րդ տուրի վերջին հանդիպումները: Մրցակարգով նույն խմբի խաղերը կսկսեն նույն ժամին:

 

 

H խումբ

Գանա – Ուրուգվայ, Հարավային Կորեա – Պորտուգալիա

Խաղերի սկիզբը՝ 19:00

 

Պորտուգալիայի հավաքականը երկու խաղում վաստակելով 6 միավոր, ժամանակից շուտ նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգրերից մեկը: Պորտուգալացիներն այսօր կարող են իրենց հանգիստ տալ, իսկ ահա նրանց մրցակիցները՝ հարավկորեացիները, պետք է անպայման հաղթանակ տանեն, որպեսզի զբաղեցնեն անցումային 2-րդ տեղը:

 

Գանա – Ուրուգվայ խաղն ավելի սկզբունքային նշանակություն ունի, քանի որ երկու թիմերն էլ պայքարում են թափուր միակ տեղի համար: Աֆրիկյան թիմն առայժմ առավելություն ունի, քանի որ վաստակել է 3 միավոր և ընթանում է 2-րդ տեղում: Ուրուգվայցիներին փլեյ-օֆֆ մտնելու համար հարկավոր է հաղթանակ, ընդ որում որքան վստահ, այնքան՝ լավ, քանի որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ հարկ լինի հաշվել գոլերի քանակը:

 

 

G խումբ

Կամերուն – Բրազիլիա, Սերբիա – Շվեյցարիա

Խաղերի սկիզբը՝ 23:00

 

Բրազիլացիները մեկնարկում տարել են երկու հաղթանակ և ժամանակից շուտ մտել 1/8 եզրափակիչ: Երկրորդ ուղեգրի համար կպայքարեն մնացած երեք թիմերը: Նրանցից առավել լավ վիճակում գտնվում է Շվեյցարիան, որը 3 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Սերբիան ու Կամերունը մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: Ուստի, շվեյցարացիներին ձեռք է տալիս անգամ ոչ-ոքի արդյունքը, սակայն միայն այն դեպքում, եթե Կամերունը չհաղթի Բրազիլիային, հակառակ դեպքում կամերունցիները կհավասարվեն միավորներով, իսկ գնդակներով կզբաղեցնեն 2-րդ տեղը: Սերբերը փլեյ-օֆֆ կմտնեն դարձյալ հաղթելու դեպքում, ընդ որում նրանց ճակատագիրը նույնպես կաղված է զուգահեռ ընթացող Կամերուն – Բրազիլիա խաղի ելքից: