Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռուս խաղաղապահներ Արցախում
A A
Քաղաքականություն

Արցախի ԱԽ-ն նույնպես հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդն անդրադարձել է զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններին, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում՝ վստահեցնելով, որ այն իրականությանը չի համապատասխանում։

Այս մասին ասվում է կառույցի տարածած հաղորդագրությունում:

«Զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունն առ այն, թե իբր Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում՝ իրականությանը չի համապատասանում։

Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։ Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։

Ըստ այդմ, կրկին շեշտում ենք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են և չեն բխում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից։

Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը և հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը», - ասվում է կառույցի տարածած հաղորդագրությունում։