Տուն ստացել են, բայց տեղափոխվել չեն կարողանում
Գյումրիի Մուշ 2 թաղամասի նորակառույց շենքերի ջեռուցման լոկալ համակարգերը, ինչպես ամբողջ կոմունալ համակարգը, թերություններ ունի:
Տեղադրված ջեռուցման կաթսաների մի մասը չի համապատասխանում շենքի նախագծին, խողովակները ծխատարներից նեղ են և վտանգավոր շահագործման համար:
«Հայռուսգազարդ»-ն արգելել է ծխատարներին անհամապատասխան կաթսաների շահագործումը և զգուշացրել «Գլենդել Հիլզ» կապալառու շինարարական կազմակերպությանը, որ դրանք պետք է փոխվեն:
«Գլենդել Հիլզն» էլ անհամապատասխան կաթսաները նորերով փոխարինելու կամ, ավելի ճիշտ, սեփական թերությունները վերացնելու համար բնակիչներից պահանջել է դիմումներ գրել, ինչն էլ ավելի է ձգձգում թերությունների վերացման գործընթացը:
Արդյունքում շատերը մինչ օրս չեն կարողանում տեղափոխվել իրենց բնակարանները, տեղափոխվածներն էլ` տները մի կերպ տաքացնում են էլեկտրականությամբ:
«380 բնակարանի ջեռուցման կաթսաները պետք է փոխվեն, առայժմ դիմում ներկայացրել է 220-ը, իսկ «Գլենդել Հիլզը» բավարարել է մոտ 160-ի դիմումները»,-նշում է «Հայռուսգազարդի» Գյումրիի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արամ Բաղրամյանը:
Մոտ 60 դիմումատու, մինչ օրս խոստումներին հավատալով, սպասում է. նրանց մեծ մասը դիմում գրել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
«Անընդհատ ասում են` շուտով կլինի, սպասում ենք, 3 օր առաջ գնացել էի «Գլենդել Հիլզի» գրասենյակ, ասացին, մյուս շաբաթ կլինի, տեսնենք»,-պատմում է բնակիչներից մեկը:
Այն հարցին, թե ինչու են ուշանում կաթսաները, կապալառու կազմակերպության Գյումրիի պատասխանատու Միքայել Ներսիսյանը տեղեկացրեց, թե սպասում է, որ մյուս բնակիչներն էլ դիմումներ ներկայացնեն, հետո միայն կգնվեն կաթսաները և կտեղադրվեն:
Մուշ 2 թաղամասի նորակառույցները պետական ծրագրով շահագործման են հանձնվել 2010թվականի հուլիսին և վիճակահանությամբ տրվել երկրաշարժի հետևանքով անօթևաններին: