Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar 9.12
A A
Սպորտ

Քաթար-2022, մրցումային 18-րդ օր. Եվրոպան ընդդեմ Հարավային Ամերիկայի

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները:

Խորվաթիա – Բրազիլիա

Խաղի սկիզբը՝ 19:00

Աշխարհի ներկայիս փոխչեմպիոնները՝ խորվաթները, մեծ դժվարությամբ հաղթահարեցին 1/8 եզրափակիչ փուլի արգելքը՝ 11մ հաշվածաշարում պարտության մատնելով Ճապոնիայի ընտրանուն՝ 3:1: Խորվաթիայի ընտրանին առաջնությունում առայժմ տոնել է մեկ մաքուր հաղթանակ՝ Կանադայի նկատմամբ՝ 4:1, իսկ մնացած դեպքերում ոչ-ոքի է ավարտել խաղերը:

Բրազիլիայի հավաքականը 1/8 եզրափակիչում վստահ հաղթանակ է տարել Կորեայի ընտրանու նկատմամբ՝ 4:1: Հաշիվն ավելի մեծ կլիներ, եթե բրազիլացիները երկրորդ խաղակեսում չթուլացնեին ճնշումը մրցակցի դարպասի վրա: Սակայն, հարավամերիկացիներն ընթացիկ առաջնությունում արդեն ճաշակել են պարտության դառնությունը՝ 0:1 հաշվով զիջելով Կամերունի ազգային թիմին: Պետք է փաստենք, որ այդ խաղում Բրազիլիան հանդես է եկել իր երկրորդ կազմով:

Երկու երկրների հավաքականները երրորդ անգամ են հանդիպելու աշխարհի առաջնության շրջանակում: Նախորդ երկուսում հաղթել են բրազիլացի ֆուտբոլիստները՝ 1:0, 3:1: Խորվաթներն չեն կարողացել կոտրել Բրազիլիայի դիմադրությունը նաև ընկերական խաղերում՝ 1:1, 0:2:

Նիդեռլանդներ – Արգենտինա

Խաղի սկիզբը՝ 23:00

Նիդեռլանդների հավաքականը փլեյ-օֆֆի առաջին խաղում առանց մեծ ջանքեր թափելու 3:1 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ընտրանուն: «Նարնջագույնները» լուրջ դիմադրության առայժմ հանդիպել են հենց հարավամերիկյան թիմի հետ խաղում՝ հանձինս Էկվադորի հավաքականի, որն ոչ-ոքի է խաղացել իր խմբի առաջատարի հետ՝ 1:1:

Արգենտինայի ընտրանին 1/8 եզրափակիչ փուլում մեծ դժվարությամբ է հաղթահարել Ավստրալիայի հավաքականի արգելքը՝ 2:1: Մինչ այդ արգենտինացիները 2:0 հաշվով վստահ հաղթել էին Մեքսիկային ու Լեհաստանին, իսկ մեկնարկային խաղում անսպասելի պարտվել էին Սաուդյան Արաբիային՝ 1:2:

Նիդեռլանդների և Արգենտինայի հավաքականների ճանապարհները հաճախակի են խաչվել աշխարհի առաջնություններում: Նախորդ հինգ խաղերից երկուսում հաղթել են նիդեռլանցիները, մեկում՝ արգենտինացիները: Վերջին երկու խաղերում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, ճիշտ է, 2014թ արգենտինացիները դրանից հետո հաղթել էին 11մ հարվածաշարում: Ի դեպ, վերջին խաղին մասնակցել են ներկայիս հավաքականների երկու ֆուտբոլիստներ, մասնավորապես՝ նիդեռլանդցի պաշտպան Դանի Բլինդը և արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին: