Որդին ընդդեմ հոր․ կայացավ ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացավ ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը։
Ժողովի օրակարգի հաստատումից հետո ուղերձով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Նա ասաց, որ հունվար ամսին հայտնի կդառնա Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը։ Արմեն Մելիքբեկյան խոսեց նաև առաջիկա երեք տարիների անելիքների մասին։
Այնուհետև կայացավ Հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը։ ՀՖՖ ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերության նշանակմանը՝ որպես ՀՖՖ անկախ աուդիտոր:
Դրանից հետո հաստատվեց ՀՖՖ 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեն, ապա կայացավ ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը:
Քվեարկության արդյունքում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներ ընտրվեցին Անդրանիկ Ադամյանը, Վլադիկ Առաքելյանը, Քնարիկ Գրիգորյանը, Տիգրան Ղարաբաղցյանը, Հասմիկ Դանիելյանը, Գոհար Նավասարդյանը, Բագրատ Նավոյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը, Արթուր Սահակյանը, Դավիթ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը։
Ի դեպ, Վլադիկ Առաքելյանը գործկոմի անդամ ընտրվեց երկրորդ փուլից, ընդ որում նրա մրցակիցը Կիմ Առաքելյանն էր, որը նրա որդին է։ Իսկ ահա «Դովեղ» ՖԱ-ի թեկնածու Թաթուլ Հակոբյանը նախապես ինքնաբացարկ է ներկայացրել։
Ժողովի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամների կազմից ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում կրկին վերընտրվեց Արմեն Նիկողոսյանը: