Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հրդեհվող սպան 5 լիտրանոց բենզինի տարրան շպրտել է կացարանի ուղղությամբ (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նիստի մասնակիցները՝ Վարչապետի գլխավորությամբ, հոտնկայս հարգանքի տուրք են մատուցել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառով զոհված զինծառայողների հիշատակին:

 

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ողբերգական դեպքի մանրամասներին, պատասխանատուների կողմից ներկայացվել են պարզաբանումներ: Ստորև ներկայացվում է սղագրությունն ամբողջությամբ.

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ Պաշտպանության նախարարության զորամասի կացարանի հրդեհի արդյունքում զոհվել է 15 զինծառայող: Իհարկե, գիշերվանից աշխատում ենք դեպքի հետ կապված, Պաշտպանության նախարարի հետ մասնավորապես: Պարոն Պապիկյան, ներկայացրեք, նախնական տվյալը՝ ինչ է տեղի ունեցել:

 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան - Պարոն վարչապետ, նախնական տվյալներով, մասնավորապես, Ռազմավան ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց: Խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բնականաբար, այն բանից հետո, երբ պարզ էր արդեն անշրջելի հետևանքների վերաբերյալ, առաջին հարցը, որ ծագում էր, հետևյալն է. պետք է պարզաբանել՝ ով և ինչ չի արել: Պիտի արձանագրեմ, որ մենք պարզեցինք հետևյալը, չնայած պարզելու շատ բան էլ չկար. ինչպես նախարարը նշեց, պարոն Քյարամյան, Դո՞ւք էլ եք հաստատում, Քննչական կոմիտեի տվյալներո՞վ էլ է, որ մեծ քանակությամբ բենզին է օգտագործվել, որը բռնկվել է և հնարավոր չի եղել մարել:

 

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան - Այո, պարոն վարչապետ: Գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մեկ վաշտի տեղակայման վայրում հրդեհ է բռնկվել, դեպքի առթիվ հարուցվել է, նախաձեռնվել է վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ: Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ովքեր ողջ գիշեր աշխատել են: Ներգրավվել են նաև փորձագետներ, և կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով: Դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավական հիմնավորվել է:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Պարզել ենք նաև, որ, ըստ էության, Ներքին գործերի նախարարության հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է, բայց, իհարկե, հեռավորությունը բավական մեծ է եղել, և այդ հեռավորության պայմաններում պատշաճ ժամկետում տեղ է հասել: Բայց ուզում եմ շարունակել միտքը. պարզել ենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին» և հստակ հրահանգավորել է, հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար:

 

Իհարկե, ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, 7-րդ կետում նշվում է. «Խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը: Դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»: Այսինքն՝ սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրամանն է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը: Բայց մենք ի՞նչ ենք պարզում: Պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել - պիտի այսօր ընդունենք, որ մեր ունեցած բոլոր տվյալները նախնական են - այլև փորձ է արվել վառարան օգտագործելու համար: Ընդ որում, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված և այլն, որպեսզի լրացուցիչ ինչ-որ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով - կրկին եմ ասում, նախնական, քննությունը մնացածը կպարզի - փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ հետո արդեն  բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք, բնականաբար, կամ մեծ հավանականությամբ՝  ոչ դիտավորյալ, այդ իրավիճակում, որից հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունեցել: Հույս ունեմ, որ, իհարկե, նախաքննությունը, Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն կաշխատեն և ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները:

 

Բայց նաև ուզում եմ ասել հետևյալը, որ երբ մենք նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին շրջայց էինք անում Զինված ուժերի տարբեր մարտական դիրքերով և ստորաբաժանումներով, այդ ժամանակ իմ հանձնարարականը Պաշտպանության նախարարին և պայմանավորվածությունը եղել է հետևյալը. մեր ավանդական մոտեցումը, որ, այնուամենայնիվ, բանակում առկա խնդիրներին մի փոքր այլ կերպ պետք է վարվենք, պետք է ուղղակի դադարեցնենք, և այն ժամանակ ես հստակ հանձնարարական եմ տվել, որ կոմպրոմիսներ չեն լինելու: Նույնիսկ վիզուալ, եթե ծառայությունը, կարգապահությունը պատշաճ իրավիճակում չէ, պետք է հետևի կոնկրետ պատասխանատվություն: Այդ առումով՝ ես որոշում եմ կայացրել հենց առավոտյան և 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու միջնորդություն եմ ներկայացրել Հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահն արդեն իսկ ստորագրել է որոշումը: Բայց նաև հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որ պետք է շատ կոնկրետ անհատական հետևանքներ լինեն: Պարոն նախարար, զեկուցեք, թե այդ առումով ինչ եք արել:

 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան - Պարոն վարչապետ, զեկուցում եմ, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև՝ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ- կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ - կորպուսի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատարի տեղակալ մարտական հերթապահության գծով, այնուհետև N զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, N զորամասի հրամանատարի տեղակալ թիկունքի գծով, N զորամասի ինժեներական ծառայության պետ, N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար և Զինված ուժերի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ:  

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այդ բոլոր պաշտոնյանները Գլխավոր շտաբի պետի հիշատակված հրամանն իրականացնելու այս կամ այն չափով պատասխանատվություն են ունեցել:

 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան - Պարոն վարչապետ, իրենց զբաղեցրած պաշտոններն, այո, ինչ-որ կերպ առնչվում են խնդրին և, բնականաբար, մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք ունենք 3 հոգի բուժհաստատություններում: Տիկին Ավանեսյան, ունե՞ք տեղեկություն՝ ինչ վիճակում են նրանք:

 

Առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյան - Պարոն վարչապետ, թույլ տվեք զեկուցել, որ 3 վիրավոր ունենք Այրվածքաբանության կենտրոնում. 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 1-ի վնասվածքներն ավելի թեթև են, բաժանմունքային պացիենտ է:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այսինքն՝ 3 հոգի են, այրվածքներ ստացած այլ զինվորականներ չկան: Ընդհանուր առմամբ, կրկին եմ ասում, այն, ինչ մենք բարձրաձայնեցինք, խոսքը պաշտոնեական պատասխանատվության մասին է: Թե քրեական և այլ կարգի պատասխանատվության օբյեկտներն ովքեր են, արդեն քրեական գործի և վարույթի ընթացքում պիտի պարզվի: Բայց ակնհայտ է նաև, որ ամենապրիմիտիվ հակահրդեհային կանոնները չեն պահպանվել: Կներեք, եթե նույնիսկ Գլխավոր շտաբի պետի այս հրամանը չլիներ, որքան այսօր ես հասկացա, առավոտյան երբ քննարկում էինք, պարոն Պապիկյան Դուք բերել էիք փաստաթուղթ, որտեղ առանց այս հրամանի արդեն ամեն ինչ կարգավորված է, այսինքն՝ նույնիսկ վերահիշեցման անհրաժեշտություն չկա: Մարդիկ պետք է տիրապետեն իրենց աշխատանքին յուրաքանչյուրն իր գծով, ընդ որում՝ յուրաքանչյուրն իր գծով: Այո, պարզ է, որ այդ կացարանը որպես զինվորական ծառայել է դեռևս 2020 թվականից, պարզ է, որ այնտեղ սովորական պայմաններ չեն, բայց դա ոչ մի բանի հետ կապ չունի: Ցանկացած կացարան, որտեղ մարդ է ապրում, ծառայում, պետք է հակահրդեհային կանոնները պահպանվեն:

 

Եվ սա վերաբերում է, իմիջիայլոց, ուզում եմ մեր տեսչական մարմինների ուշադրությունը հրավիրեմ, կրկին քանի անգամ այս թեմայով խոսել ենք, զինվորական ծառայությունն առանձին, բայց մենք քաղաքացիական մեծ օբյեկտներ ունենք, որոնք այդ պատճառներով չենք փակում, որպեսզի չստացվի, որ մի քանի 100 մարդու օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկում ենք: Բայց կրկին ես հանձնարարում եմ, որ կոմպրոմիս պետք է չլինի, ուղղակի այդպիսի դեպք չլինի: Որտեղ չի  համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք և փակեք, ուղղակի գնացեք և փակեք, ֆիզիկապես փակեք: Թող ներդնողը կամ պատշաճ նեդրումներ անի, հակահրդեհային կանոնները պահի, եթե ոչ, այդտեղ առևտուր անողները թող գնան, այլ տեղում անեն առևտուր, որտեղ հակահրդեհային կանոնները, անվտանգությունը պատշաճ ապահովված են: Հակառակ դեպքում մենք ուղղակի սենց արձանագրելով գնալու ենք առաջ: Որքան էլ դժվար որոշում լինի, հստակ գնացեք, փակեք, այսօրվանից: Այս շարքը պետք է կանգնեցնել:                       

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support