Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՀՀ քաղաքացիներին կարգելեն դոլարով ու եվրոյով վարկեր ստանալ. ՔՊ–ի նոր նախագիծը․ Ուղիղ (տեսանյութ)

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաեւ արտարժույթով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի եւ Նարեկ Գրիգորյանի հեղինակած նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 30-ի նիստում:

Ներկայումս ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են ցանկացած արժույթով ստանալ հիպոտեկային վարկեր: Գեւորգ Պապոյանի խոսքով արտարժույթի տատանումների հետեւանքով վարկերի մարման մասով մեծ ռիսկեր են առաջանում: «Հայաստանում փոխարժեքը լողացող է, եւ ԿԲ-ն ու Կառավարությունը չունեն այն ֆիքսելու որեւէ քաղաքականություն: Մենք չենք պատրաստվում դրան ոչ միջամտել, ոչ էլ մեր պահուստային ռեզերվները ծախսել փոխարժեք պահպանելու վրա»,- ընդգծել է համահեղինակը եւ հավելել` քաղաքացիներին միայն դրամային վարկեր տրամադրելու միջոցով հնարավոր կլինի նվազեցնել ռիսկերը:

Խոսելով պարտքի վարման պետական քաղաքականությունից` Գեւորգ Պապոյանը նշել է, որ պետությունը հնարավորինս շատ պարտք ներգրավվում է դրամով եւ հնարավորինս քիչ` արտարժույթով:

Նախաձեռնությամբ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով եւ ներդրումային ընկերությունների միջոցով, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք` «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով եւ (կամ) դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով»:

Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը բարձրաձայնել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը: Նրա խոսքով քննարկումների ընթացքում բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են դիտարկումներ: «Ներկայումս կան 133 մլրդ դրամի արտարժույթով հիպոտեկային վարկեր»,- ընդգծել է զեկուցողը:

Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Որոշվել է փետրվարի 9-ին` ժամը 15:00-ին, ԱԺ 334 դահլիճում անցկացնել Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ` քննարկելու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

ՀՀ Ազգային Ժողով