Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Առնոյից կապիկ ես այդպես էլ չստացա, բայց ստացա նրանից ավելին․ Երվանդ Երզնկյան (տեսանյութ)

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Առնո Բաբաջանյան․ Առաջին սիրո երգը» խորագրով համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և էստրադային ու օպերային երգիչների մասնակցությամբ։ Համերգը ղեկավարում էր ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը։

«Ա1+»–ը համերգից առաջ զրուցեց Երվանդ Երզնկյանի, նաև հրավիրյալ դաշնակահար, կոմպոզիտոր Կարեն Անանյանի հետ, որն ի դեպ առաջին անգամ պետք է ներկայացներ Բաբաջանյանի հիշատակին նվիրված իր ստեղծագործությունը՝ «Մեղեդին»։

«Բաբաջանյանը ֆենոմենալ դաշնակահար էր։ Նրան համեմատում են Ռախմանինովի հետ,– ասում է Կարենն ու ժպտալով եզրափակում խոսքը,– և ճիշտ էլ անում են։ Ռուսը ունի Ռախմանինով, մենք ունենք Առնո Բաբաջանյան»։

Երվանդ Երզնկյանի խոսքով, «Առնոն տեղով սեր էր։ նրա երգերն էլ կամ սիրո մասին են, կամ սիրով ողողված»։

Պարոն Երզնկյանը հիշեց Բաբաջյանյանի հետ իր հանդիպումների մասին։

«Հայրիկն ու Առնոն հասակակիցներ էին ու ընկերներ։ Հաճախ էր մեր տուն գալիս։ Խոստացել էր խաղալիք կապիկ առնել ինձ համար։ Ամեն անգամ երբ գալիս էր մեր տուն հարցնում էի՝ բա ու՞ր է կապիկը։ Այդպես էլ չբերեց։ Անցան տարիներ։ Հանդիպեցինք նվագախմբի փորձի ժամանակ, մոտեցա ասացի, բա կապիկն ուր է։ Հիշեց ու ծիծաղեց։ Կապիկ չստացա, բայց ստացա նրա հետ անգնահատելի շփումը»։