Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետն այցելել է Բունդեսթագ և ելույթ ունեցել (տեսանյութ)

«Պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Դուք ընդգծեցիք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում առկա է նոր գործոն, և այդ գործոնը ԵՄ-ի մշտադիտարկող առաքելությունն է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Ես առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել ԵՄ-ին` այս որոշումն ընդունելու համար։ Այդ որոշումը եղել է Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքը, երբ կարճաժամկետ առաքելությունը ժամանեց: Դրանից հետո մենք դիմեցինք երկարաժամկետ առաքելության համար և շնորհակալ ենք ԵՄ-ին այդ որոշումը կայացնելու համար։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է լարված մնալ, առաջին հերթին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով։ Դժբախտաբար, չնայած Արդարադատության Միջազգային Դատարանի կայացրած որոշմանը, Ադրբեջանը դեռևս չի բացել Լաչինի միջանցքը։ Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ԱՄԴ-ի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի։ Կարծում եմ` սա մի իրավիճակ է, որը պետք է միջազգային մակարդակում քննարկվի, որովհետև անընդունելի է առանց արձագանքի թողնել Արդարադատության Միջազգային Դատարանի որոշումը, մասնավորապես, երբ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և հարկավոր է միջազգային արձագանք։ Իմիջիայլոց, ի՞նչն է այս համատեքստում շատ կարևոր․ արդեն ավելի քան 80 օր է, որ Լաչինի միջանցքը փակ է, և այս ընթացքում Ադրբեջանը պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ, բաց է: Արդարադատության Միջազգային Դատարանի որոշումը շատ կարևոր է այս հարցին պարզաբանում տալու համար, քանի որ դատարանը նշեց, որ Լաչինի միջանցքը փակ է և պետք է բացվի։ Իմ այցի ընթացքում ես լսեցի որոշ կարծիքներ, որոնք աջակցում են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային մշտադիտարկող կամ փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին՝ դիտարկելու հումանիտար իրավիճակը և տեսնելու` ինչ է կատարվում այնտեղ, քանի որ դա մի ճգնաժամ է, որը կարող է հանգեցնել անշրջելի հետևանքների, այն կարող է վերածվել հումանիտար աղետի։ Կարծում եմ` մենք միասին պետք է աշխատենք` թույլ չտալու, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս գա։ Բայց ամենակարևոր հարցն այն է, թե ինչու է Ադրբեջանը դա անում։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելն է, և հայերին Լեռնային Ղարաբաղից հեռացնելը։ Կարծում եմ` Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունն ապացուցում է դա, որովհետև Ալիևն ասաց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր Ղարաբաղը լքելու ցանկություն ունեն, ինչը, կարծում եմ, ավտոմատ կերպով նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում և ովքեր ուզում են ապրել այնտեղ։ Սա է Ադրբեջանի գործողությունների անկյունային պատճառը։ Մտահոգություններ կան, որ սա ընդամենը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն է, գուցե նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, որովհետև Ադրբեջանը շարունակում է արտահայտել ագրեսիվ մտքեր, ագրեսիվ հռետորաբանություն: Գիտեք, որ անցած սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիա նախաձեռնեց՝ օկուպացնելով Հայաստանի սուվերեն տարածքներ: Բայց, մյուս կողմից, մենք Պրահայում հասանք համաձայնության, ըստ որի` Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա Աթայի 1991թ. հայտարարության վրա, ինչը նշանակում է, որ խորհրդային պետությունների վարչական սահմանները վերածվում են պետական սահմանի։ Ալմա Աթայի հայտարարությունը Խորհրդային միության փլուզման և Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին էր։ Նախկին խորհրդային 13 պետություն համաձայնություն տվեցին նրան, որ վարչական սահմանները դառնում են պետական սահման։ Ի դեպ, մենք Պրահայում նաև համաձայնության հասանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացը հիմնված կլինի Ալմա Աթայի նույն համաձայնության վրա։ Անակնկալը նրանում էր, որ դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ դելիմիտացիան պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Գիտեք, շատ դժվար է բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Գուցե Ադրբեջանի նախագահի նոր նախաձեռնությունը կարող է հստակեցնե՞լ այս իրավիճակը, որովհետև վերջերս մենք ականատես եղանք այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնության ներկայացմանը, և այդ նախաձեռնության ամբողջ միտքը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին, և Հայաստանի մայրաքաղաքն ադրբեջանական քաղաք է, և այլն։ Մեր գնահատականն այն է, որ այս ամենը` Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։ Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է Բունդեսթագի պատգամավորների մի շարք հարցերի: