Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր Տնտեսություն

«Նոր Զովքի» շուրջ զարգացումներն անհանգստացրել են գործընկերներին (տեսանյութ)

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի ղեկավար կազմի կալանավորումը բացասական է ազդել ընկերության գործունեության վրա: «Նոր Զովք» -ի մոտ 1600 աշխատակիցներից բացի մտահոգված են նաեւ գործընկերները, նրանք, ովքեր տեսել են՝ ինչ դժվարությամբ է ստեղծվել եւ 24 տարում կայացել բիզնեսը: 

         Փոքրիկ «սեղանիկից» մինչեւ սուպերմարկետների ցանց

 Ընդամենը 14 տարեկան էր, բայց արդեն աշխատում էր,- Վազգեն Մխիթարյանը պատմում է  «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի հիմնադիր-տնօրեն Արամ Արամյանի մասին, որի հետ նույն դպրոցում է սովորել: 90-ականներին, երբ խանութների փոխարեն առեւտուրը հիմնականում «սեղանիկներին» էր, Արամը դասերից հետո տուն չէր գնում: Գարեգին Նժդեհի հրապարակի մերձակայքում մի սեղանիկ ուներ, որտեղ  առեւտուր էր անում մինչեւ ուշ գիշեր՝ անկախ եղանակից:

«Ես հիշում եմ, թե ինչ դժվարություններով եւ  անքուն գիշերներ անցկացնելով՝ նա առեւտրային գործունեություն էր ծավալում եւ փոքր-փոքր քայլերով, քարը քարի վրա դնելով՝ 2000-ականներին հիմնադրեց «Զովք»  խանութների ցանցը»,-ասում է Վազգեն Մխիթարյանը,որը հենց սկզբից միացել է ընկերությանը:

Արամ Արամյանն առաջին խանութը բացել է  Նալբանդյան փողոցում. այն գործում է առ այսօր: Հենց այդ խանութը դարձել  է հիմքը ցանցի, որը ներկայումս  ընդգրկում է  29 մասնաճյուղ:

«Այդ տարիներին  գրեթե չկային մարկետներ եւ կարող եմ ասել՝ «Զովքն» առաջին նմանատիպ ցանցն էր մեր երկրում, ու  այդ նոր մշակույթը միանգամից սիրվեց մարդկանց կողմից:  Իսկ  խանութների ցանցն  Արամյանը հիմնադրեց իր համառության շնորհիվ՝ հիանալի պատկերացնելով ոլորտը»,- շարունակում է Մխիթարյանը:

«Զովք»  խանութի  մենեջերն ասում է՝  23 տարվա ընթացքում ցանցում գնային քաղաքականությունը մնացել է անփոփոխ. այստեղ յուրաքանչյուր հաճախորդ կգտնի իր բյուջեին հասանելի ապրանք:

Ցանցը 1600 աշխատող ունի: «Սա նշանակում է, որ այսքան ընտանիք ունի ապրուստի միջոց:  Ինձ համար սա է հայրենասիրությունը, այսքան աշխատատեղ ստեղծելը»,- ասում  է Միխիթարյանը:

Նրա խոսքով՝  աշխատակիցները հարգում են Արամյանին ոչ միայն որպես գործատուի, այլեւ մարդու, որը պատրաստ է միշտ ընդառաջ գնալ եւ օգնել. «Չեմ հիշում դեպք, երբ որեւէ մեկը աջակցության խնդրանքով դիմած լինի, եւ Արամ Արամյանը օգնած չլինի»:

«Արամ Արամյանի մարդկային որակները տեսնելով եմ նաեւ այսքան երկար մնացել «Նոր Զովք» ընկերությունում» - անկեղծանում է Վազգեն Մխիթարյանը՝ ընդգծելով՝  հակառակ դեպքում որեւէ մեկի հետ երկու տասնամյակից ավելի ճանապարհ դժվար թե գնար:

Արամյանն «ապրում է իր խանութներով»

 Արդեն 8 տարի է «Զովք» ցանցի խանութները կահավորում է «Ռեֆտեկ» ընկերությունը:

 «Նոր Զովք» ընկերությունը մեր լավագույն գործընկերներից է, -ասում է  առևտրային սարքավորումներ ներմուծող ընկերության տնօրեն Հայկ Առուստամյանը՝ շեշտելով՝ 2015թ-ից ի վեր երեւիցե խնդիրներ չեն առաջացել համատեղ աշխատանքի ընթացքում:

Ըստ նրա՝   նույնիսկ եթե որեւէ հարցում տարբեր տեսակետներ են ունեցել,  «Նոր Զովք» սուպերմարկետների հիմնադիր-տնօրեն  Արամ Արամյանը միշտ լսել է գործընկերոջը, քննարկել եւ արդյունքում  ծնվել է լավագույն  լուծումը:

«Ռեֆտեկ»-ը տրամադրել է   բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են առեւտրային տարածք  ձեւավորելու համար:  «Սակայն արդյունավետ  աշխատանքի եւ առեւտրի ծավալը մեծացնելու  համար միայն տարածքի կահավորումը քիչ է, - շարունակում է Հայկ Առուստամյանը,- Անհրաժեշտ են նաեւ  այլ գործոններ, որոնց գաղտնիքը գիտի Արամյանը»:   

Ասում է՝  միշտ հիացել է, թե ինչպես է «Նոր Զովքի» հիմնադիրը շփվում աշխատակիցների հետ, օգնում, հաճախ էլ անձամբ տեղադրում  ապրանքները դարակներում այնպես, որ դրանք լինեին տեսանելի եւ հասանելի հաճախորդին:

Նրա խոսքով՝  Արամյանն «ապրում է խանութներով». առավոտյան 9-ից շրջում է ցանցի խանութներով, ստուգում ամեն ինչ՝  մաքրությունից մինչեւ ապրանքների ճիշտ դասավորությունը:

«Արամյանը պրոֆեսիոնալ է, որը շատ լավ հասկանում է գնորդի հոգեբանությունը, եւ ամեն ինչ անում է, որ վերջինս գոհ հեռանա ու նորից վերառնա»,- եզրափակում  է Հայկ Առուստամյանը:

 «Նոր Զովքը» բարի համբավ ունի

Արման Մանասերյանն  արդեն 10 տարի է ճանաչում Է  «Նոր Զովք»-ի սեփականատիրոջը։

  «Արամ Արամյանն աչքի է ընկել իր արդարամտությամբ։  Հիշում եմ դեպքեր,  երբ նա  որոշումը կայացրել է  ի վնաս իրեն, հօգուտ գործընկերոջ»,- ասում է Արման Մանասերյանը:  Նա  չէր ցանկանա, որ վերջին   զարգացումները վնաս  հասցնեին «Նոր Զովք»-ի գործունեությանն ու հեղինակությանը:

«Ընկերությունը բավականին լավ ասոցիացիաներ է առաջացնում հասարակության մոտ եւ ունի բարի համբավ։ Այդ առումով կարեւոր է, որ ընկերության նկատմամբ գործողություններն այնպիսին լինեն, որ բարի համբավը որեւէ կերպ չվնասվի»,- ընդգծում է Արման Մանասերյանը։ 

«Արամն այդ մարդը չի»

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Նոր Զովք»-ի սեփականատեր Արամ Արամյանն  ու  ամբողջ ղեկավար կազմը  կալանավորված են՝   4․1 մլրդ դրամ  հարկ չվճարելու  մեղադրանքով։ 

«Հիմա որ լսում եմ՝ ինձ համար շատ անհասկանալի է, որովհետեւ Արամն այդ մարդը չի։ Արամը դրա կարիքը չունի, Արամը փողի մարդ չի։ Արամը գործի մարդ է,-  ասում է Արամյանի ընկերը՝ Աշոտ Մարտիրոսյանը,- 30 տարեկանում եմ այդ մարդուն ճանաչել, հիմա 53 եմ , ինքը նույն մարդն է, չի փոխվել։ Եթե մարդը ճանաչում է Արամին, չի կարող բացասական արտահայտվել նրա հասցեին»:

 Ըստ նրա՝  «Նոր Զովքի» հիմնադիրը մշտապես  աջակցել է ցանկացած հարցով դիմողներին. «Արամն այն տեսակն է, որ կարող է բարեգործություն անել, բայց չուզենա իմանան»:

Ասում է՝ Արամ Արամյանը համբերատար  գործարար է, որը հապճեպ որոշումներ չի կայացնում, իսկ նրա արժեքավոր խորհուրդները շատ-շատերին են օգնել, այդ թվում՝ իրեն: