Համացանցի ժամանակաշրջանում արժեքային «դիվերսիայի» դեմ կարիք կա պայքարելու.Անն Լույոն
Աջակցիր «Ա1+»-ին«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»–ը մարտի–ապրիլ ամիսներին կներկայացնի ավելի քան քսան միջոցառում Երևանում և մարզերում։ Այս տարի միջոցառումները նվիրված են մշակութային բազմազանությանը ֆրանկոֆոն մշակույթի տարբեր արժեքներին՝ կինո, երաժշտություն, թատրոն, ժամանակակից ցուցադրական արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ, նաև բանավեճեր։
«Համացանցի ժամանակաշրջանում, արժեքային «դիվերսիայի» դեմ առավել քան կարիք կա ճիշտ արժեք ձևավորելու և համախմբվելու այս մարտահրավերը հաղթահարելու համար»,– ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն Ֆրանկոֆոնիային նվիրված ասուլիսին։ Տիկին դեսպանի խոսքով, Ֆրանկոֆոնիան ունի նաև քաղաքական բաղադրիչ, որն առաջ է տանում ժողովրդավարության, գենդերային հավասարության և մարդու իրավունքների արժեքները։
Անն Լույոն խոսեց նաև իրենց կողմից Հայաստանում տարբեր նախագծերի ֆինանսավորման և դրանց կարևորության մասին։ «Մենք հպարտ ենք, որ Հայաստանում ունենք մշակութային շատ խիտ և բազմապիսի ցանց, մասնավորապես Ֆրանսիական համալսարանը, որը մոտ 2000 ուսանող ունի, Ֆրանսիական լիցեյը, որն ունի 300 աշակերտ և մեր նորեկը՝ Ֆրանսիական ինստիտուտը։
Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, կունենա կրթական բաղադրիչ, կդասավանդվի ֆրանսերենը բոլորի համար, անկախ տարիքից և իմացության աստիճանից և որտեղ քննություն կարող են հանձնել միջազգային վկայագրի համար։ Ինստիտուտը կհանդիսանա նաև ֆրանսերենի մշակութային օջախ, որտեղ կկազմակերպվեն բազմաժանր ծրագրեր, և որը կհամագործակցի Հայաստանի մշակութային տարբեր կազմակերպությունների ու հաստատությունների հետ։ Այն կներառի նաև Կամպուս Ֆրանսը՝ հարթակ, որը կօգնի հայ ուսանողներին ուղղորդել Ֆրանսիայի բարձրագույն հաստատություններում ուսանելու»։
Տիկին դեսպանը նշեց նաև ֆրանսերեն լեզվի լայն կիրառման մասին Հայաստանում, գոհունակությամբ ընդգծելով, որ հայ շատ պաշտոնյաներ ևս տիրապետում են լեզվին։ Հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցկացվի Ֆրանսիայում, և տիկին Անն Լույոն հույս հայտնեց, որ Հայաստանի վարչապետը ևս կմասնակցի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ երեկ ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային, որի հետ քննարկել են 2027–ին Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը: