Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hajastan - kipros 28.03.
A A
Սպորտ

Հայաստանի և Կիպրոսի հավաքականները չպարզեցին հաղթողին՝ 2:2

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի մեկնարկային դժվար խաղից հետո այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ազգային թիմի հետ: «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Նախ նշենք, որ մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Թուրիքայի հանդիպման համեմատ մեկնարկային կազմում բազմաթիվ փոփոխություններ էր կատարել: Չնայած դրան, մեր ընտրանին խաղի հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը և բազմաթիվ պահեր ստեղծեց մրցակից դարպասի մոտ: Սակայն, Բիչախչյանի, Տիկնիզյանի և Ռանոսի հարվածները հարմար դիրքից բարձր ստացվեցին:

Կիպրոսցիները տանտերերի դարպասի մասին հիշեցին միայն խաղակեսի վերջում: 39-րդ րոպեին նրանք գրավեցին դարպասը, բայց խաղից դուրս վիճակից: Իսկ ահա 43-րդ րոպեին հյուրերը գերազանց օգտագործեցին անկյունային հարվածը և բացեցին հաշիվը:

Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականն էլ ավելի մեծացրեց ճնշումը մրցակից դարպասին: Եվ ահա, 51-րդ րոպեին մեր հավաքականի նորեկ Ռանոսը հեռահար հուժկու հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Ութ րոպե անց Գերմանիայում հանդես եկող Ադամյանն ու Ռոնոսը նոր գրոհ ձեռնարկեցին, վերջինը մեն-մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց, շրջանցեց նրան և գրավեց անպաշտպան դարպասը՝ 2:1:

Մեր թիմը ոգեվորված շարունակում էր գրոհները, սակայն դրանք գնալով թուլանում և մարում էին: Կիպրոսցիներն իրենց հերթին սկսեցին հաճախակի հայտնվել տանտերերի կիսադաշտում: Դրանցից մեկի ժամանակ նրանք փորձեցին հեռվից գրավել դարպասը: Մեր դարպասապահ Բուչնևը ետ մղեց գնդակը, սակայն ոչ այնքան հեռու: Հետո օդային պայքար սկսվեց, որից հետո ստեղծվեց խառն իրավիճակ դարպասային հրապարակում: Հյուրերն օգտվեցին դրանից և հավասարացրին հաշիվը:

Գոլից հետո Հայաստանի հավաքականը դարձյալ ակտիվացավ և փորձեց հաղթանակ կորզել, սակայն մրցակիցն ամեն կերպ փորձեց պաշտպանել դարպասը, անգամ կարմիր քարտ ստանալու հաշվին: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2, որը շատ հազվադեպ է լինում ընկերական խաղերին:

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 16-ին: Այդ օրը մեր թիմը Եվրո-2024-ի շրջանակում կհանդիպի Ուելսի հետ: