Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Եվ կրկին քննարկվել է «Հին Երևան» նախագիծը

Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի չորրորդ արտագնա նիստում քննարկվել է «Հին Երևան» նախագիծը

«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցում կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի չորրորդ արտագնա նիստը, որը նախագահել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի ընթացքում քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից Քոչինյան փողոց ընկած հատվածը:

Նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը ներկայացրել է նախագիծը՝ մանրամասնելով ծրագրի սկզբից՝ 2005 թվականից մինչ օրս շարունակվող ծրագրի նախապատմությունը և նախատեսվող միջոցառումները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով նախագիծը, մասնավորապես նշել է. «Մենք շատ հարցեր կարող ենք բարձրացնել այս գործընթացի վերաբերյալ՝ ե՞րբ է սկսվել, ինչպե՞ս է սկսվել, արդյոք պե՞տք է սկսվեր, թե՞ ոչ: Բոլորս անցնում ենք այդ տարածքով և տեսնում դեռևս կանգուն հուշարձան-շենքերի՝ օրեցօր վատթարացող վիճակը: Իդեալական վիճակ չունենք և չենք կարող ունենալ, որովհետև գտնվում ենք ինչ-որ գործընթացի միջնամասում: Կան սկսված աշխատանքներ, և պետք է հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք առավել արդյունավետ վարվել ստեղծված իրավիճակում: Փաստ է, որ մենք արդեն խոսում ենք վեր կանգնած բարձրահարկ շենքերի մասին, հազարավոր մարդկանց և նրանց սեփականության իրավունքի մասին, որոնց հետ պարտավոր ենք հաշվի նստել: Հետևաբար անհրաժեշտ է գտնել փաստացի իրավիճակից բխող լուծումը, ոչ թե վերադառնալ մի վայր, որտեղ վերադառնալն այլևս անհնար է»:

Նախագծի կոնցեպտով պարագծային կառուցապատումն ունի 4 վերգետնյա հարկ, որից երկուսը կազմում է հուշարձանների շարքը, իսկ մյուս երկուսը՝ վերնահարկը: Ավելացված հարկերը հետ են քաշված կառուցապատման հիմնական ճակատից և փողոցի կողմից չեն ընկալվում: Նախատեսվում է նաև 3 ստորգետնյա հարկ, որից մեկը հուշարձանների մառանային հարկն է՝ հասարակական օգտագործման նպատակով: Մյուս երկու ստորգետնյա հարկերը տրամադրվում են ավտոկայանատեղիների նպատակով: Դաստակերտների առանձին այգիները և բակերը միավորված են՝ ստեղծելով ընդհանուր կանաչ գոտի և երկայնական հետիոտն ճանապարհ: Ներսի ճակատներում վերականգնվում են փայտյա բաց պատշգամբները՝ իրենց ուրվագծերով կազմելով առանձին ներդաշնակ անկյուններ ընդհանուր տարածության մեջ:

Ներքին բաց տարածքները ծածկված են հին Երևանի առևտրական թաղերին բնորոշ թաղակապ ծածկով, բայց ժամանակակից ապակյա արևակլանող նյութով, որը գործառնական տեսակետից կապահովի տարածքի հարմարավետ օգտագործումն ամբողջ տարվա ընթացքում՝ գեղագիտական տեսանկյունից ստեղծելով ավանդական երևանյան բակերին բնորոշ կամերային միջավայր:

Ըստ նախագծի՝ տեղում պահպանված 14 հուշարձան-շենքերի հետ մեկտեղ, որոնք պահպանվում և վերականգնվում են իրենց ծավալատարածական և հատակագծային լուծումներով, թաղամասը կհամալրվի նաև վերջին տարիներին քանդված կամ ապամոնտաժված ևս 7 այլ պատմական շենքերով, որոնք նախորդ տարիներին ընդգրկվելով տեղափոխման պետական ցուցակի մեջ՝ ապամոնտաժվել էին՝ իրենց տեղը զիջելով նորակառույց բարձրահարկ կառուցապատմանը:

Իրականացված քննարկումների և տեղի ունեցած քվեարկության արդյունքում նախագիծը որոշակի վերապահումներով արժանացել է հավանության:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ