Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետն Էջմիածնում ծանոթացել է թիվ 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին:

Ինչպես ասվում է Կառավարության տարածած հաղորդագրությունում, վարչապետի առաջին կանգառը եղել է Արմավիր քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են նախորդ տարի և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին: Ծրագիրն իրականացվում է Կառավարության կողմից հատկացված միջոցներով: Մասնավորապես, պետբյուջեից տրամադրվել է 151 մլն դրամ:

Հաջորդիվ վարչապետն ուղևորվել է Վանանդ բնակավայր, որտեղ մասնավոր հատվածի կողմից իրականացվում է նուշի ինտենսիվ այգու հիմնման և ջրամբարի կառուցման աշխատանքներ: Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին: «Վանանդ ագրո» ընկերությունը ձեռք է բերել 800 հեկտար հողատարածք, որի վրա արդեն իսկ հիմնվել է 360 հեկտար նուշի ինտենսիվ այգի: Կառուցվել է նաև 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար: Նախատեսվում է առաջիկայում կառուցել երկրորդ ջրամբարը և շարունակել այգու հիմնման աշխատանքները: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլրդ դրամ: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը քաջալերում է ժամանակակից գյուղատնտեսության ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու նախագծերը:

Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Նոր Կեսարիա համայնքում, որտեղ զրուցել է գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին: Նիկոլ Փաշինյանը հորդորել է օգտվել Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և անցնել ինտենսիվ այգիների հիմնման, ինչն էապես կբարձրացնի արդյունավետությունն ու կլինի ջրի խնայողություն: Վարչապետը նշել է, որ Կառավարությունը կիրականացնի նաև անհրաժեշտ խորհրդատվություն:

 

Այստեղից կառավարության ղեկավարն այցելել է Սարդարապատ գյուղ՝ շրջայցի ընթացքում ծանոթացել տեղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախորդ տարվանից սկսած շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել գալիք սեպտեմբերին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող նախագիծը գնահատվում է 215 մլն դրամ: Մանկապարտեզը կկարողանա ընդունել 120 երեխայի:

Այնուհետև վարչապետը եղել է Մեծամոր համայնքում, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող բնակելի շենքերի վերելակների փոխարինման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ ծրագրի շրջանակում փոխարինվել է 5 շենքի նույնքան վերելակ: Ծրագիրն արժեցել է 474 մլն դրամ: Վարչապետը օգտվել է վերելակից, զրուցել բնակիչների հետ: Վերջիններս գոհունակություն են հայտնել և նշել, որ տասնամյակներ շարունակ Մեծամորում նման աշխատանք չի կատարվել: