Բացել լրահոսը Փակել լրահոսը
gavan
A A
Քաղաքականություն

ԵԽԽՎ զեկուցողը  ցանկանում է մուտք գործել Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով

«Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները»   հարցով՝  ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, UEL) հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«2023 թվականի ապրիլի 23-ին ինձ տեղեկացրին, որ Լաչինի ճանապարհի սկզբնակետում Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային անցակետ է դրվել։

Ադրբեջանի այս միակողմանի գործողությունը տեղի է ունենում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի և Հայաստանի միջև միակ բաց հաղորդակցության ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ ընթացիկ աճող լարվածության պայմաններում:

Խորհրդարանական վեհաժողովը ուշադիր հետևել է այս իրավիճակին, այդ թվում՝ հունվարին տեղի ունեցած ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ ներկայացվեց ԵԽԽՎ Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգի (Շվեդիա, EPP/CD) տեղեկատվակությունը և Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի՝ մարտին հրապարակված հայտարարությունը։ Բյուրոյի որոշմամբ՝ 2023 թվականի մարտի 15-ին Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով կոմիտեի կողմից նշանակվել եմ Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների լուծման հարցերով զեկուցող:

Ադրբեջանը պնդում է, որ Լաչինի ճանապարհը համակարգված և լայնածավալ օգտագործվում է անօրինական նպատակներով՝ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության, որը, ըստ նրա, անվտանգության սպառնալիք է: Առանց տարածք մուտք գործելու հնարավոր չէ ստուգել այս պնդումները: Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի բնակիչների տառապանքը և դրա հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն լավ փաստագրված են։

Արդեն ամիսներ շարունակ մենք տարածաշրջանում ոչ միայն հռետորաբանության, այլեւ փաստացի մտահոգիչ էսկալացիայի ականատեսն ենք: Պարտադիր է, որ երկու կողմերն էլ նպաստեն Լեռնային Ղարաբաղում ապրող այդ մարդկանց վիճակի վատթարացումը կանխելուն լուծում գտնելուն։ Իրավիճակի վերաբերյալ իմ զեկույցը պետք է պատրաստվի առանց հապաղելու։ Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում ես մտադիր եմ մեկնել Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ խնդրո առարկա տարածաշրջան։

Իմ այցի ընթացքում, որը պետք է ներառի Լաչինի միջանցքում տիրող պայմանների առաջին ձեռքի փորձը, ես պատրաստ եմ հանդիպել համապատասխան բոլոր զրուցակիցների հետ: Չնայած վերջին օրերի լարվածության ցավալի աճին, ես վստահ եմ, որ կկարողանամ հույս դնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համագործակցության և բարի կամքի վրա։

Իմ նպատակն է կազմել արդար, ճշգրիտ և ազնիվ զեկույց, որը դժվար կլինի հասնել, եթե ինձ թույլ չտան սեփական աչքերով տեսնել, թե արդյոք Լաչինի միջանցք մուտքն ազատ է և անվտանգ, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ»։