Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Մեր օրերում ստեղծվում է ձեռագիր մատյան

Այսօր Մատենադարանում, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, ցուցադրվեց «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը, որն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը՝ հերոսների և դափնեկիրների պատմությունները։

««Ավրորա»-ի ստեղծագործական խորհրդի ղեկավար Մարինե Ալեսի գաղափարն էր կապ ստեղծել «Ավրորա» հիմնադրամի և Մատենադարանի միջև, քանի որ «Ավրորայի» նպատակն է հայկական մշակույթը լավագույնս ներկայացնել աշխարհին, իսկ Մատենադարանը մեր մեծագույն արժեքների մարմնավորումն է։ Նաև հերոսների, դափնեկիրների անուններն ու նրանց պատմությունները ներկայացնելու ավանդույթ ստեղծելու կարիք կար, որը կհամապատասխաներ նաև «Ավրորայի» էությանը»,- ցուցադրության բացման իր խոսքում նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը։

2018-ից սկսած, ամեն տարի ապրիլի 24-ին «Մատյան մարդասիրաց»- ում արձանագրվում ու ներկայացվում են «Ավրորա»-ի հերոսներն ու նրանց պատմությունները»։

2022 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանին նվիրված տիտղոսաթերթի նկարազարդումը, որը ներկայացվեց այսօր, իրականացրել են Մատենադարանում գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի տասնմեկ սաները։

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանն ընդգծեց, թե որքան կարևոր է, նաև խորհրդանշական, որ մեր շնորհալի պատանիներն են նկարազարդել տիտղոսաթերթը։ Պատանի նկարիչները կարդում են «Ավրորայի» հերոսների պատմությունները և իրենց մեկնաբանությամբ, իրենց պատկերացմամբ ու ստեղծագործական երևակայությամբ նկարազարդում։

14-ամյա Անահիտի խոսքով, տարբեր էսքիզներ են արել, փորձել են տարբեր ոճերում ու ընտրվել է իմպրեսիոնիզմը։

«Ծանոթացանք Ջամիլայի գործունեության հետ, թե ինչ է նա արել Աֆղանստանի կանանց համար, նրանց ուսման համար, հետո մտածել ու պատկերել ենք Հայաստանի ու Աֆղանստանի խորհրդանիշները, այն է՝ Սուրբ Ղազար կղզին, խաղողի շիվը, «Ավրորա»-ի նշանը, օդապարիկը, որը Աֆղանստանի խորհրդանիշներից է, Աֆղանստանի դրոշն ու հենց իրեն՝ Ջամիլային»,- ասում է տասնմեկ շնորհալիներից Անահիտը։

«Սա հիանալի հնարավորություն է ապագա սերնդին ներգրավելու ավանդույթների պահպանման ու փոխանցման կարևոր գործին,-, նշեց պարոն Մաթևոսյանն ու հավելեց,- Այս 160 էջանոց մատյանի արժեքը նաև նրանում է, որ ստեղծված է միջնադարյան ձեռագիր գրքերի ավանդույթների համաձայն։ Այսինքն, գրված է մագաղաթի վրա, ձեռագիր գրված ու նկարազարդված է։

Կարելի է ասել, որ միջնադարյան ավանդույթները շարունակվում են։ Մեր օրերում ստեղծվում է ձեռագիր մատյան, որը պահվում է Մատենադարանի պահոցում և ցուցադրվում տարին մեկ, կամ կարևոր առիթների ժամանակ»։