Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Լավաշի դիմանկարները՝ թեժաթուխ, ծաղիկ-ծաղիկ

Երեւանում տեղի ունեցավ «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ցուցադրություն։

 «Տասնամյակից ավել ամեն օր տեղացի և օտարերկյա  հյուրերին մեր ռեստորաններում   ներկայացնում ենք  թոնրի լավաշի թխման գործընթացը, ինչը շատ կարևոր ենք համարում, քանի որ դա շատ գեղեցիկ ավանդույթ և արարողակարգ  է։ Այս նախաձեռնությամբ մենք շարունակում ենք հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված մեր  նախաձեռնությունների  շարքը՝ հավատարիմ մնալով  հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման մեր առաքելությանը»,- նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ  «Երեմյան Փրոջեքթս» ընկերության PR  բաժնի  ղեկավար Անահիտ Գևորգյանը։

Հացթուխի վարպետությամբ ու լուսանկարչի հմտությամբ՝ լավաշներից յուրաքանչյուրն իր ուրույն գույնը, ձևն ու բովանդակությունն են ստացել։ Որքան տաք է թոնիրը, և որքան հմուտ է հացթուխը, ըստ այդմ որոշվում է լավաշի դիմագիծը։ Օրինակ, թոնրի տաքանալուց հետո թխված առաջին լավաշին թեժաթուխ են ասում, գեղեցիկ լավաշին՝ ծաղիկ-ծաղիկ․․․ և այսպես՝ մոտ 20 տեսակ։

Միջոցառման հյուրերից ազգագրագետ  Ռուզաննա Ծատուրյանն ընդգծեց. «Լավաշի տարբեր անվանումներն, իհարկե, խոսում են լավաշի՝ երկար տարիներ գոյություն ունեցած ավանդույթի մասին,  որովհետև ինչը լավ են ճանաչում մարդիկ,  այդ պարագայում անգամ  մանրուքներին անուններ են  տալիս»։

Լավաշի դիմանկարներից առանձնանում էր սրտիկ-լավաշի դիմանկարը, որի նկարագրությունում գրված է. «Լավաշ, որում ոչ միայն ներդրված է սեր և սիրտ, այև պատկերված է. հաճախ են թոնրից պատահաբար դուրս գալիս տարբեր պատկերներով լավաշներ.  այս նկարում անակնկալ պատկերը սիրո խորհրդանիշ սիրտն է»։

Նախաձեռնության հեղինակները նշեցին, որ սա առաջին ցուցադրությունն է, բայց  այս նախագծի ցուցադրությունների նոր առիթներ անպայման կստեղծեն, որպեսզի հայկական  հացի  դիմանկարներն  էլ ավելի ճանաչելի դառնան։