Ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում Արամ Խաչատրյանի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Օրերս Երևանում Mezzo-ի ստեղծագործական խումբը հարցազրույցներ է վարել մշակութային հայ գործիչների հետ. ներկայացվել են Արամ Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական ուղին, Խաչատրյանի արվեստի թողած խորը հետքը հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստում։ Նկարահանումներ են կատարվել Հայաստանի, մայրաքաղաք Երևանի մի շարք վայրերում, որոնք ոգեշնչել են մեծ կոմպոզիտորին ստեղծագործելիս։
20 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում։
Mezzo TV-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից է։ Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ, մեծահամբավ երաժիշտների մասին պատմող ֆիլմեր և տեսանյութեր։
Տարվա ընթացքում Mezzo-ի ստեղծագործական խումբը կլուսաբանի Հայաստանում իրականացվող խաչատրյանական հոբելյանական մյուս միջոցառումները, որոնց թվում են Արամ Խաչատրյան մրցույթն ու փառատոնը:
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը կարևորում է համաշխարհային ճանաչում ունեցող հարթակների հետ համագործակցությունը. ներկայացվում է Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը՝ հայ մշակույթը հասանելի դարձնելով ինչպես դասական երաժշտության սիրահարների լայն շրջանակի, այնպես էլ մասնագետներին և երաժշտական մենեջերներին։