Բացել լրահոսը Փակել լրահոսը
05132395fa17afe3434c82a324d8b544f20e8c (1)
A A
Բիզնես

ԶՊՄԿ-ն աջակցել է ոչ թե «Իմ քայլը» հիմնադրամին, այլ կոնկրետ կրթական ծրագրի. փաստերի հետքերով

 Օրերս լրատվամիջոցներից մեկը հանդես էր եկել հրապարկմամբ՝ նշելով, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, փաստորեն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այլ նաև նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին է մուծվում։ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը խոշոր չափի՝ 27 միլիոն դրամ՝ շուրջ 70 հազար դոլար է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին»։ Radar Armenia-ն, սակայն, պարզեց, որ նշյալ տեղեկությունն այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը։

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ նշված գումարի չափը ոչ թե 27 միլիոն դրամ է, այլ շատ ավելին՝ 50 միլիոն։ Սակայն առավել կարևոր է, որ դրամաշնորհն ուղղվելու է ոչ թե «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, այլ կոնկրետ կրթական ծրագրի։ Կողմերի միջև ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրեր իրականացնել կրթության և գիտության ոլորտներում։ Այսինքն՝ համագործակցությունը ոչ թե ենթադրում է ֆինանսական մուտքեր հիմնադրամին, այլ հատկացում վերջինիս կողմից իրականացվող կոնկրետ ծրագրին։

Ըստ այդմ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին կհատկացնի 50 մլն ՀՀ դրամի դրամաշնորհ, որն ուղղվելու է աշխարհի առաջատար համալսարաններից բարձրակարգ մասնագետների հրավիրմանը, մասնավորապես, նախատեսվում է «Համահայկական գերազանցության կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկում դասավանդելու համար հրավիրել մասնագետներ այնպիսի համալասարններից, ինչպիսիք են MIT, Berkeley, University of California, Սանկտ Պետերբուրգի ԻՏՄՕ-ն և այլ:

Հատկանշական է, որ դեռևս 2019 թվականին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն Աննա Հակոբյանի ղեկավարած «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամի ամենամեծ նվիրատուն էր՝ 51 մլն դրամ փոխանցելով վերջինիս։ Այդ համագործակցության մեջ այն ժամանակվա ԶՊԿՄ-ի խորհրդի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը արտառոց ոչինչ չէր տեսել՝ ժամանակին նշելով, որ «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամին փոխանցված 51 մլն դրամն ամենևին էլ խոշոր գումար չէ։ Ըստ նրա՝ 2019թ. ԶՊՄԿ-ն բարեգործության համար նախատեսել էր ավելի քան 7 մլրդ դրամ, որի մեջ 51 մլն-ը վճռորոշ նշանակություն չուներ։ Factor.am-ի հետ զրույցում Վահե Հակոբյանը պնդել էր. «Մեզ համար միևնույնն է, թե ով ինչ հիմնադրամ է ղեկավարում։ Մենք փոխանցել ենք նախկին իշխանությունների ժամանակ, փոխանցում ենք հիմա և կփոխանցենք մյուս իշխանությունների ժամանակ։ Մեզ համար անձերը բացարձակ նշանակություն չունեն»։