Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-73
A A
Սպորտ

«Արարատ-73». «Կայրաթի» երկրպագուները շնորհակալ էին արարատցիների խաղից

«Ա1+»-ը շարունակում է «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակին նվիրված նյութերի շարքը:

ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի խաղն «Արարատն» անցկացնում է Ղազախստանի ԽՍՀ մայրաքաղաք Ալմա-Աթայում: Տեղի «Կայրաթը» վատ չէր սկսել մրցաշրջանը և 8 տուրից հետո վաստակել էր 9 միավոր ու զբաղեցնում էր 5-րդ տեղը: «Արարատը» մեկ միավոր պակաս ուներ և գտնվում էր 6-րդ հորիզոնականում:

Ինչպես «Հայաստանի ֆիզկուլտուրնիկում» նշում է ղազախական «Սպորտ» թերթի մեկնաբան Բիսոպանովը, հանդիպման արդյունքն անսպասելի էր «Կայրաթի» երկրպագուների համար, սակայն նրանք խաղից հետո բարձր տրամադրությամբ էին լքում տրիբունաները, քանի որ այդ օրը դարձավ գրավիչ, չափազանց գեղեցիկ ֆուտբոլի ականատես, որի համար շնորհակալ էին «Արարատից»:

Արարատցիները հենց սկզբից սկսում են գրոհել լայն ճակատով: Արդեն 2-րդ րոպեին Նազար Պետրոսյանն աջ եզրով առաջ է պոկվում և լավ փոխանցում կատարում կենտրոնում գտնվող Էդուարդ Մարգարովին: «Կայրաթի» դարպասապահը ետ է մղում նրա հարվածը, սակայն գնդակին առաջինը հասած Նիկոլայ Ղազարյանը բացում է հաշիվը:

Բաց թողած գոլին դաշտի տերերը պատասխանում են եռանդուն գրոհներով: Ալյոշա Աբրահամյանը կասեցնում է նրանց մի քանի վտանգավոր գրոհները, սակայն 35-րդ րոպեին Ռիժկովի 20 մետրից կատարած հարվածն հասնում է իր նպատակին՝ 1:1:

Երկրորդ խաղակեսում դիրքային պայքարի անցած «Կայրաթն» ոչ մի կերպ չի կարողանում չեզոքացնել արարատցիների էլ ավելի սուր գրոհները: Հանդիպման 51-րդ րոպեին Պետրոսյանն ու Ղազարյանը կարճ ու սլացիկ փոխանցումներով շրջանցում են տանտերերի բոլոր պաշտպաններին: Այդ ճեղքումն ավարտվում է մեր հարձակվողի գլխով կատարած դիպուկ հարվածով: Քիչ անց Սերգեյ Բոնդարենկոն իրեն հատուկ ոճով, 30 մ հեռավորությունից հուժկու հարվածով գրավում է դարպասի վերին անկյունը:

Սակայն, «Արարատը» չի բավարարվում ձեռք բերածով և շարունակում է գրոհել: 78-րդ րոպեին Բոնդարենկոն արդեն ազ եզրով անսպասելի ճեղքում է ձեռնարկում և դարպասային գծի մոտից փոխանցում է կատարում կենտրոնում գտնվող Հովհաննես Զանազանյանին: «Արարատի» ավագը դարպասին թիկունքով կանգնած վիճակում, առանց շրջվելու, կրունկով հարված է կատարում և չորրորդ անգամ գրավում մրցակցի դարպասը: Այդ գոլը դառնում է հանդիպման իսկական զարթը:

Դաշտի տերերը փորձում են խույս տալ խոշոր հաշվով պարտությունից և վերջում անցնում են կատաղի գրոհների, սակայն դրանից միայն մեկն է անհագստություն պատճառում մեր դարպասապահին, երբ գնդակը ետ է մղվում դարպասաձողից:

Ալմա-Աթայում ата8ащ խոշոր հաղթանակից հետո «Արարատը» վաստակում է 10 միավոր և հավասարվում երեք առաջատարներին՝ ԲԿՄԱ-ին, «Դնեպրին» ու «Շախտյորին»: Ավելին, խփած և բաց թողած գոլերով մեր թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ խաղը նախատեսված էր հունիսի 2-ին: Այդ օրը «Արարատը» սեփական դաշտում ընդունում է միջինասիական մյուս թիմին՝ Տաշքենդի «Պախտակորին»: