Միջպետական ճանապարհին ֆուռերի համար կայանատեղի է կառուցվում
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձոր- Դիլիջան միջպետական ճանապարհին կայանատեղի է կառուցվում բեռնատարների (Ֆուռ) համար։
Նախաձեռնությունը վանաձորցի անհատ ձեռներեց Արսեն Պետրոսյանինն է, որն իր առաջարկը ներկայացրել է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրին ու ստացել 4 մլն դրամի դրամաշնորհ։ Իհարկե, նախագծի արժեքն ավելի մեծ է՝ 15 մլն դրամ։ Մնացած գումարը Արսեն Պետրոսյանն ու իր ընտանիքը հատկացնում է սեփական խնայողություններից։
Համաֆինանսավորումը այս ծրագրով դրամաշնորհ ստանալու պարտադիր պայման է, իսկ դիմել կարող են ՀՀ այն քաղաքացիներն ու նրանց ընտանիքները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում առվազն մեկ տարի գտնվել են երկրից դուրս։ Արսեն Պետրոսյանն ու նրա հայրը երկար տարիներ աշխատել են ՌԴ-ում։ Նրա հետ հանդիպեցինք ծրագրի շրջանակում կազմակերպված մեդիա տուրի ժամանակ։
Գործարարն ասում է՝ ավտոկայանատեղի կառուցելու գաղափար վաղուց է ունեցել։ Կայանատեղիի խնդիրը միշտ կա․ ծանոթ վարորդները չգիտեն՝ որտեղ կայանել բեռնատարները։
Այս ծրագրով աջակցությունն օգնել է արագացնել գործընթացը։ 4մլն դրամաշնորհով կառուցվելու է մոտ 12 բեռնատարաների համար նախատեսված կայանատեղիի պարիսպը։ Այստեղ կառուցվելու է նաեւ սանհանգույց, լոգարան։ Ամբողջ տարածքում տեղադրվելու են տեսախցիկներ։ Կայանման համար սահմանվել է 1000 դրամ վարձ՝ 1 գիշերվա համար։
Ավտոկայանատեղին պատրաստ կլինի երկու ամսից։ Ի դեպ, այն ավելի վաղուց պատրաստ կլիներ, եթե չխանգարեին եղանակային պայմանները, իսկ Վանաձորի ավագանին նիստեր գումարեր։ Շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ է եղել թույլտվություն, մինչդեռ նախորդ տարի՝ դրամաշնորհ ստանալուց, ավագանին դեռ չէր գործում՝ ներքաղաքական խմորման պատճառով։