Եվրամիությունը ողջունում է Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան/Ադրբեջան. ԵՄ խոսնակի հայտարարությունը կարգավորման գործընթացի վերաբերյալ
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում աշխուժացել է, ինչը Եվրամիությունը ողջունում է։ ԵՄ-ն կարծում է, որ կարևոր է պահպանել այս պատմական թափը և խուսափել քայլերից, ներառյալ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգի տակ դնել խաղաղ գործընթացը:
Մայիսի սկզբին ԱՄՆ-ում կայացած` խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից հետո, մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ առաջնորդների հանդիպումը՝ հունիսի 1-ին Մոլդովայի Հանրապետության Քիշնևում նախատեսված մեկ այլ հանդիպումից առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են նաև Մոսկվայում։
Բրյուսելում նրանք կենտրոնացել են մի քանի առանցքային թեմաների վրա, ինչպիսիք են սահմանային խնդիրները, կապը, մարդասիրական խնդիրները և նախկին` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
Այդ ժամանակից ի վեր ղեկավարները հրապարակավ վերահաստատեցին իրենց աներկբա հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86,600 քառ կմ) համապատասխան տարածքային ամբողջականությանը:
Մենք ողջունում ենք մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունը և երկկողմ սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու Հայաստանի հստակ պատրաստակամությունը։ Մենք ողջունում ենք նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 25-ի հայտարարությունը։
Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, կարևոր է քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու, բարեխղճորեն ներգրավվելու և առաջնորդություն ցուցաբերելու համար՝ համապարփակ կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերի լուծումների հասնելու համար:
Չնայած հակամարտությունների բարդ պատմությանը և անցյալի դժգոհություններին, բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով։
ԵՄ-ն հանձնառու է աջակցել կողմերին այս գործում: