Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Ամո՛թ քեզ, Ալիև» (տեսանյութ)

«Մեր ժամանակ 400 աշակերտ կար, ցավդ տանեմ։ Բայց հիմի՞։ Ես մին էլ ա պատկերացնեի ոչ, որ էս սիրուն գեղը միանգամից վեր կթափի», – ասում է Բարեկամավանի բնակիչ Ջուլիետա Ղարաքեշիշյանը։

Ղարաքեշիշյանների խաղաղ ընտանիքը խաղաղության մասին երազելով է ապրում: Ութամյա Սպարտակի ընկերներից շատերն են քաղաքում, ինքը՝ չի գնալու:

«Մեր գյուղը սիրուն գյուղ ա։ Մեր գյուղում քիչ մարդիկ կան, բայց մենք ուզում ենք ստեղ ապրենք», – ասում է փոքրիկ Սպարտակը։

Ծոռներին դաս տվող Ջուլիետայի կյանքն անցել է վախի և անհանգստության մեջ: 90-ականների ծանր պատերազմում ապրելու փորձը, ցավոք, մինչև հիմա էլ պետք է գալիս:

«Քնեինք քուլփաթով, շատ կոշիկնի բերեի, դռանը շարեի, որ գիդենան շատ քուլփաթ ենք, թուրքը գա ոչ, տուն մտնի։ Էն Սոսոյիս դպրոցից բերեի, կրակեին, հարսս ուզեր գնա, թողեցի ոչ կրակի տակը գնա։ Կրակեին, վեր ածեին։ Գնացի, րեխիս բերի, թիկունքը պահած, որ տեհա մոտիկ գուլլենին վեր էկան, մոտիկ տուն կար, րեխին բոթեցի, տուն գցեցի, որ գուլլեն դիպչի ոչ։ տենց ենք ապրել։ Կրակեին, էն ինչ կրակ վեր դառներ գեղի վրա, երևի ամեն տանը մի սնարյադ էին գցել։ Շատ վատ ենք ապրել, շատ», – պատմում է Ջուլիետա տատը։

Թե քանի-քանի անգամ է թոռներին փրկել ու փրկվել, հաշիվը կորցրել է տատը։ Ապրում են նենգ ու դաժան թշնամու դիմաց, որ մինչև հիմա կրակում է ու կրակում:

Ջուլիետա Ղարաքեշիշյանը

«Անասուն ունինք, պըհում ենք, յոլա գնում։ Բայց անասունը եթե դբա թուրքը գնաց, իմ րեխեն յեդնեն գնաց, կրակիլ տին։ Մարդ են տենում, կրակում են։ Աշխատանք չկա, որ աշխատեն, դրա համար էլ գնում են։ Դե կբերեին մի թեթև մակարոնի ցեխ կդնեին, մեր ժողովուրդն աշխատող ա, ծխախոտից բոլորն էլ հարուստացան, լավ տներ սարքեցին։ Ափսոս մեր սովետական երկիր, ափսոս հազար անգամ», – սրտնեղելով ասում է տիկին Ջուլիետան։

Բարեկամավանը մոռացված է, ասում է տատը․ այս ուսումնական տարվա դպրոցի միակ առաջին դասարանցին իր ծոռնուհին է։  Սահմանապահն այս բարեկամավանցի երեխաներն են, որոնք զրկված են պետական ուշադրությունից ու շատերն էլ ցավոք ապրում են հոգսի ու կարիքի մեջ,-ավելացնում է տատը:

«Պետք ա մեր պարոն Նիկոլն օգնե էս գեղին, մենք ոչ թե սահմանմերձ ենք այլ սահմանապահ ենք, թող ռիսկ անե մի ղեկավար գա էստեղ մի գիշեր քնի։ Թող գա, շատ ղեկավար գալիս ա դարի գլխին կանգնում, վախիցը յեդ գնում, գյուղը չի մտնում», – ասում է տատը։

Նոր սահմանների, անկլավների, առավել ևս խաղաղության մասին հնչող հայտարարություններին չհավատալու հազար ու մի պատճառ ունի սահմանպահ Ջուլիետան:

«Թուրքի հետ ոնց կարելի ա մոտիկ ապրել, արդեն թշնամի են, չէ՞։ Ախր  քուլփաթ են վերացրել, լավ-լավ տղերք են վերացրել։ Ալիևը մարդ չի, նա րեխա չունի՞ բա։ Ուզում եմ Ալիևին անիծեմ, որ էսքան ջահելությանը ջարդեց», – ասում է Ջուլիետա Ղարաքեշիշյանը։

Ու չնայած, որ գյուղը դատարկվում է, հոգու խորքում մի անբացատրելի հավատ ու լավատեսություն ունի տատը։ Ասում է՝ Բարեկամավանը թշնամու սրտով չի լինելու:

«Էս գեղը վերանալ չտի, միշտ գնացած, թոշակի ընգած քուլփաթը գալ տի,  ջահելություն շատ կա գեղումը։ Շատի մերը մնաց լալեն, յենա-յենա դժվար բան ա, շեկլիկ բալին օրորոցին, ջահել հարսը թաթը ծոցին, մայրը գիտի՝ որդին սաղ է, էլ չգիտի՝ երեք օրեն սպանված է։ Ամո՛թ քեզ, Ալիև, էսքան հայ քուլփաթը ջարդեցիր, ամոթ քեզ, բա դու խիղճ չունի՞ս», – լացակումած ասում է տիկին Ջուլիետան։

Իր թոռներն իրենց ընտանիքներով հաստատ մնալու են գյուղում։ Առօրյա դժվարությունները հաղթահարելով ու թշնամու գնդակն անտեսելով՝ ապրել ու ապրելու են Բարեկամավանում:

 

Մանրամասն՝ «Անկյուն +3» ՀԸ տեսանյութում