Բացել լրահոսը Փակել լրահոսը
20230527_121737
A A
Տնտեսություն Մարզեր

Բիզնես Հայաստանում՝ «խոպանում» աշխատած գումարներով

Ամեն մարդ պիտի զբաղվի այն գործով, որը սիրում է,- ասում է  Արթիկի Սարալանջ գյուղի բնակիչ Խաչատուր Սուվարյանը, որը  59 տարեկանում որոշել է զբաղվել, իր բառերով՝ «փայտի գործով», որի մասին երազել է մանկուց։ 

Մինչեւ նախորդ տարի  ինչ գործ ասես չի արել՝  աշխատելով որպես  բեռնատարի վարորդ, փականագործ, շինարար, գյուղատնտես։   Նրանց տան բակում փայտի հումքն է, որը պետք է  դառնա մանկական կահույք։  Առաջին օրինակը պատրաստ է՝ մանկական մահճակալ, որի վրա քնում են թոռները, երբ Երեւանից պապին հյուր են գալիս։

Ծրագրավորող երկու որդիների հորդորով անցած տարվանից այլեւս ՌԴ արտագնա աշխատանքի չի մեկնում՝  ընդհատելով  20 տարվա՝  ոչ լավ օրից ձեւավորված ավանդույթը։  «Խոպանը ոչ թե լավ էր, ստիպված էի»,- ասում է նա։  Մինչ այդ գյուղատնտեսությամբ է զբաղվել, բայց «բերքը մի տարի երաշտն է տարել, հաջորդ տարի՝  կարկուտը»։ Որդիները հորդորել են չգնալ Ռուսաստան, թե «մեր մեծանալը չտեսար, գոնե թոռներինդ տես»։  3 տղա ու 1 աղջիկ թոռ ունի:

Առանձնատան փոքր նկուղում Խաչատուր Սուվարյանը ցույց է տալիս առաջին գործիքները։  Փայտի խառատային հաստոցը տանն է դեռ  դրված մինչեւ  հարեւանությամբ կկառուցվի արհեստանոցը։

Սուվարյանը  «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի  օգտագործման՝  ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շահառուներից է։  Ծրագիրն իրականացվում է  ԵՄ ֆինանսավորմամբ՝  Միգրացիոն քաղաքականության  մշակման միջազգային կենտրոնի կողմից։  Ծրագրով տրամադրված 4 մլն դրամով գնվել են անհրաժեշտ գործիքները։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյանն ասում է, որ  ծրագրի նպատակն է  օգնել  մարզաբնակ միգրանտներին ու նրանց ընտանիքներին՝  հայրենիքում  բիզնես գործունեություն սկսելու կամ  առկա բիզնեսի զարգացման  համար՝ օգտագործելով դրսում խնայած գումարները։

2000- 10000 եվրո ստանալու պարտադիր պայման է  դրամաշնորհին հավասար չափով ներդրում անելը։ Շահառուին գումարը տրամադրվում է  բացառապես հիմնական միջոցներ (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) , հումք  կամ փաթեթավորման  ծառայությունների ձեռք բերելու նպատակով։

Ծրագրի շահառուներից է  նաեւ գյումրեցի 35-ամյա  Սարգիս Ասեսյանը,  որը 2016թ-ից  էր մեկնել ՌԴ։  Կնոջ հետ նա Գյումրիիում տարածք է  վարձակալել եւ բացել «Պեկարնյա», որտեղ  վաճառում են թարմ խմորեղեն, հաց, արագ սնունդ։ Ասում է՝  ծրագրի մասին հեռուստացույցով է լսել։  Ճիշտ է՝ արդեն որոշել էր ընտանիքով հայրենիք վերադառնալ, բայց աջակցությունն օգնեց ավելի արագ որոշում կայացնել։   Դրամաշնորհով գնվել են անհրաժեշտ սարքավորումները։  Ի դեպ, նրան ֆինանսական աջակցությունից բացի  օգտակար է եղել գիտելիքը, որը ստացել է ծրագրով կազմակերպված հատուկ բիզնես  դասընթացների ժամանակ։

Ավելացնենք, որ  ծրագրին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 300 դիմորդ: Ավելի քան 250 դիմորդ մասնակցել է «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնեսի կառավարման առցանց դասընթացին, ավելի քան 200 դիմորդ կազմել է բիզնես ծրագիր և ներկայացրել մրցութային հանձնաժողովին: 1 և 2 փուլերի արդյունքում ֆինանսավորման համար ընտրվել են լավագույն 80 բիզնես ծրագրերը:   

Աջակցության համար  դիմել կարող են ՀՀ այն քաղաքացիներն ու նրանց ընտանիքները, որոնք  վերջին երեք  տարվա ընթացքում  առվազն մեկ տարի գտնվել են երկրից դուրս։