Փաշինյանը վարում է Կառավարության նիստը․ մանրամասներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀավանություն է տրվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին
Կառավարության որոշմամբ, հավանություն է տրվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ և բխում է դատավորի անկախությունը երաշխավորելու, ինչպես նաև առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից: Նախագծով առաջարկվում է 60% հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորների համար՝ ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի հետ կապված նշել է. «Քանի որ կարող են լինել որոշ քննադատություններ, չնայած՝ մենք դատավորների աշխատավարձերը բարձրացնում ենք թոշակների բարձրացումից և նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո, բայց ամեն դեպքում ուզում եմ շեշտել, որ մենք դատավորների և ընդհանրապես՝ պաշտոնյաների աշխատավարձերն առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից: Դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը մեր շարունակական քաղաքականությունն է:
Երբ Հակակոռուպցիոն դատարանը ստեղծում էինք և Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակակոռուպցիոն դատարանի աշխատավարձերի նոր սանդղակ էինք սահմանում, այն ժամանակ այդ մտահոգությունները կար, որ մենք անհամաչափություն ենք ստեղծում, բայց ասում էինք, որ ընդհակառակը՝ մենք այդ նշաձողը սահմանում ենք հետագայում այլ օղակներում նույնպես այդ աստիճանին հասնելու համար, ինչը, ըստ էության, անում ենք: Եվ այո՛, առաջիկայում՝ նաև մեր բյուջետային հնարավորություններից կախված, նաև Վերաքննիչ դատարանին էլ կանդրադառնանք»:
Կառավարության ղեկավարը կարևորել է աշխատավարձերի փոփոխությունը և ֆինանսական ծախսը՝ ընդգծելով, որ այն պիտի ենթադրի նաև բովանդակային փոփոխություններ. «Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև, օրինակ՝ Կառավարությունը, ըստ էության, քաղաքականություններ վարելու մի քանի գործիք ունի, որոնցից ամենակարևորը պետական բյուջեի միջոցների ծախսումն է: Եվ մենք, պետական բյուջեում ուղղություններով ծախսումներ իրականացնելով, իրականացնում ենք քաղաքականություն: Մենք, օրինակ, հանրակրթության ոլորտում քաղաքականությամբ բերում ենք նաև որոշակի բովանդակային փոփոխություններ՝ Զինված ուժերում, իրավապահ համակարգում և այլն, և այդպես շարունակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել է, որ այս ֆինանսական ներդրումների արդյունքում ակնկալվում է ունենալ նոր ստանդարտի դատական համակարգ: «Մենք պետք է համոզված լինենք, որ Հայաստանում գործում է անկախ դատական համակարգ՝ ոչ միայն Կառավարությունից, այլև ընդհանրապես՝ անկախ դատական համակարգ: Պատկերացրեք, որ դա շատ մեծ հարցեր կլուծի, և շատ մեծ լարվածություններ կնվազեն, եթե մենք բոլորս իմանանք, որ Հայաստանում կա անկախ դատական համակարգ, և այդ անկախ դատական համակարգը գործում է օրենքի, օրինականության, արդարության և Սահմանադրության շրջանակներում, որը պետք է խոստովանենք, որ լիարժեք չենք կարողացել լուծել: Բայց լուծումը մեկն է՝ պետք է անհոգնել, անընդհատ աշխատել այս ուղղությամբ և գնալ առաջ»,- ասել է վարչապետը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն իր հերթին ընդգծել է, որ դատական համակարգում իրականացվող բարեփոխումների և կոմպլեքս լուծումների նպատակը քաղաքացիներին որակյալ և արագ ծառայությունների մատուցումն է:
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովման նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի
Կառավարությունն ընդունել է որոշում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի n 2111-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու մասին:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Որոշման նախագծով առաջարկվում է համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար 1 մլրդ 670 մլն 826 հազար դրամ հատկացնել համապատասխան մարզպետարանների աշխատակազմերին` ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից հատկացնելով 858 մլն 47.5 հազ դրամ, իսկ 812 մլն 778․9 հազ դրամը նախատեսվում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին ՀՀ կառավարության որոշումներով սուբվենցիայի ծրագրերին հատկացված, սակայն դեռևս վճարումներ չկատարված ֆինանսական միջոցների հաշվին։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում թվարկել է այն ծրագրերը, որոնք այս որոշմամբ ֆինանսավորվում են. «Արագածոտնի մարզում՝ Թալին խոշորացված համայնքի Մաստարա բնակավայրի 8-րդ փողոցի 8-րդ հասցեում գտնվող միջոցառման տան տարածքի ցանկապատի կառուցման աշխատանքներ: Ծրագիրն ավարտված է։ Արարատի մարզում՝ Արարատ խոշորացված համայնքի Զանգակատուն բնակավայրի փողոցների վերանորոգում՝ ասֆալտապատմամբ: Ծրագիրն ավարտված է։ Արարատ խոշորացված համայնքի՝ Երասխ բնակավայրի գազիֆիկացում: Ծրագիրն ավարտված է։ Արտաշատ խոշորացված համայնքի՝ Աբովյան, Նշավան, Բյուրեղավան բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում, նորոգում: Կատարված է աշխատանքների 80 տոկոսը։ Արարատի մարզի՝ Արարատ խոշորացված համայնքի Պարույր Սևակ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 80 տոկոսը։ Արարատ խոշորացված համայնքի՝ Պարույր Սևակ և Արմաշ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի կառուցում: Ծրագիրն ավարտված է։ Արմավիրի մարզի՝ Բաղրամյան խոշորացված համայնքի Դալարիկ բնակավայրի Օրջոնիկիձե, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանցի կառուցում: Ծրագիրն ավարտված է։ Խոյ խոշորացված համայնքի՝ Գեղակերտ բնակավայրի ոռոգման ցանցի կառուցում: Ծրագիրն ավարտական փուլում է։ Արաքս խոշորացված համայնքի՝ Խորոնք բնակավայրի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգում, Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում, Մեծամոր բնակավայրի՝ Խաչատուր Աբովյան փողոցի 1/2 հասցեում մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Գայի բնակավայրի մանկապարտեզի բակի նորոգում: Ծրագրի 75 տոկոսն արված է։ Վաղարշապատ խոշորացված համայնքի՝ Էջմիածին բնակավայրի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու կառուցում: Ծրագիրն ավարտված է։ Խոյ խոշորացված համայնքի՝ Արշալույս բնակավայրի 27, 28, 29, 32 փողոցների գազաֆիկացում: Ծրագիրն ավարտված է։ Խոյ խոշորացված համայնքի՝ Մոնթեավան բնակավայրի կենտրոնական առաջին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագիրն ավարտված է։ Արմավիր խոշորացված համայնքի՝ Սարդարապատ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում, գազաֆիկացում և ջեռուցման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 70 տոկոսը։ Արմավիր խոշորացված համայնքի՝ Այգեվան բնակավայրի ջրամատակարարման ցանցի վերակառուցում, ծրագիրն ավարտված է։ Արմավիր խոշորացված համայնքի՝ Արմավիր բնակավայրի Գորկու փողոցի հիմնանորոգում: Ծրագիրն ավարտված է։ Արաքս խոշորացված համայնքի՝ Գայ և Արաքս բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում: Ծրագիրն ավարտված է։ Գեղարքունիքի մարզի՝ Գավառ բնակավայրի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգում: Ծրագրի 80 տոկոսը կատարված է։ Մարտունի խոշորացված համայնքի՝ Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգում, Երանոս բնակավայրի 3-րդ մսուր-մանկապարտեզի հիմնանորոգում և ցանկապատի կառուցում: Ծրագրի 75 տոկոսը կատարված է։ Մարտունի խոշորացված համայնքի՝ Մարտունի բնակավայրի Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան, Մամիկոնյան փողոցների մայթերի կառուցում: 85 տոկոսը կատարված է։ Շիրակի մարզ՝ Գյումրի համայնքի տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգում: 85 տոկոսը կատարված է։ Սյունիքի մարզի՝ Մեղրի համայնքի Մեղրի բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում: Ծրագիրն ավարտված է։ Տավուշի մարզի՝ Բերդ խոշորացված համայնքի Չինարի բնակավայրի ոռոգման համակարգի սնուցման համար ինքնահոս ջրի մատակարարում: Ծրագիրն ավարտված է»,-ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը:
Թեմայի շրջանակում վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք վերացվել են Տավուշ գյուղի կարգավորիչ կայանի խողովակների թերությունները, ինչին ի պատասխան ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ինժեներական սխալներով է կառուցված եղել, որի հետևանքով խողովակները պայթում էին, այժմ 6 կիլոմետրանոց նոր գիծ է անցկացվել այլ վայրով, այլ լուծումներով և միացվել է գյուղի համակարգին:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Արարատի մարզի Դեղձուտի դպրոցում իրականացված շինաշխատանքներում հայտնաբերված թերություններին և ընդգծել, որ հետևողական է լինելու, որպեսզի թերությունները վերացվեն, և ծրագիրն իրականացվի պատշաճ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականից հետո շտկման աշխատանքներն իրականացվում են:
Այս համատեքստում, կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրականացվող աշխատանքների որակի վերահսկողությունն սկզբունքային նշանակություն ունի և հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին քննարկել և աուդիտ անել որակի վերահսկողության մեխանիզմները, հասկանալ, թե ինչպես են դրանք գործում, որից հետո անդրադառնալ այն հարցին՝ արդյոք լրացուցիչ մեխանիզմների, թե գործող մեխանիզմների աշխատանքի կարգավորման անհրաժեշտություն կա: