Բացել լրահոսը Փակել լրահոսը
374766318_611954981121292_1148490539159364411_n
A A
Տնտեսություն

Արցախում ալյուրի քանակի սղության հետևանքով կկիրառվեն սահմանափակումներ

Հանրապետությունում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։ Հայտնում են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։

«ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ։ Նշենք նաև, որ հանձնված ցորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ հանրապետությունում գործող ալրաղացներում`պայմանավորված ստեղծված իրավիճակով, կկիրառվեն սահմանափակումներ` ամենայն հավանականությամբ մշակման չի ենթարկվի ֆիզիկական անձանց պատկանող ցորենը։ Դա կախված է, նրանից, թե որքանով հողօգտագործողները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին և որքան ցորեն հնարավոր կլինի մթերել։ Իհարկե, այս մոտեցումը հնարավոր է նաև դժգոհությունների տեղիք տա, սակայն առաջացած խնդիրը լուծելու այլ ելք չի մնում, քան պետական մակարդակով վերահսկել ալրաղացների աշխատանքը։

Հարգելի՛ հողօգտագործողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ` պահեստավորած ցորենը վաճառել հիմնադրամին, որպեսզի միասին կարողանանք օր առաջ հաղթահարել առաջացած ճգնաժամը։ Պայքարը միայն պատերազմը չէ, սա էլ պայքար է, որտեղից հաղթանակած կարող ենք դուրս գալ միայն բոլորիս միասնականության շնորհիվ»,- նշված է հայտարարությունում։